Հետաքրքիր է, որ այսօր մեզնից շատերը վստահ են, որ Եվան Ադամին հյուրասիրել է խնձորով, և այն արգելված պտուղը, որով Աստված չէր թողնում, որ առաջին մարդիկ սնվեն, եղել է հենց այս միրգը, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Այդ դեպքում ո՞րն է եղել այն պտուղը, որը Եվան հյուրասիրել է Ադամին ու դարձել նրանց դրախտից վտարման պատճառը։
Պարզվում է, որ Աստվածաշնչում անգամ նշված էլ չէ, որ միրգը, որը փորձել են առաջին մարդիկ, եղել է խնձորը, ու խնձորի հետ կապված այս պատկերացումը գալիս է նրանից, որ ամենահայտնի նկարիչները Ադամին ու Եվային պատկերելիս նրանց պատկերել են խնձորը ձեռքին։ Թե ինչու են նկարիչները որոշել հենց խնձորը ընտրել որպես արգելված սիմվոլ, դժվար է ասել։ Կա վարկած, որ ուղղակի անորոշ միրգ պատկերելը կլիներ չափազանց դժվար նրանց համար, և նրանք որոշել են ընտրել մի միրգ, որը բավականին սիմվոլիկ է եղել տարբեր ժամանակներում, ու պատկերել հենց այդ միրգը, ինչը եղել է հենց խնձորը։ Հենց նրանց այս ընտրության պատճառով է, որ մինչ օրս բոլորիս մոտ արմատացած է այն միտքը, որ Ադամն ու Եվան հենց խնձոր են կերել ու վտարվել դրախտից։
Գիտնականները, սակայն, լրիվ այլ կարծիքի են։ Նրանք վստահեցնում են, որ այն վայրերում, որտեղ հնարավոր է, որ ապրած լինեն Ադամն ու Եվան, խնձորն այդպիսին անգամ չի էլ աճում, և որոշել, որ արգելված պտուղը հենց խնձորն է, կլինի պարզապես հիմարություն։ Այսպես՝ նրանց փորձեցին հասկանալ, թե իրականում ի՞նչ են կերել առաջին մարդիկ, եթե դա խնձոր չի եղել։
Հուդայական ավանդույթները նշում էին, որ արգելված պտուղը հաստատ թուզ է եղել։ Նրանք եկել էին այդ եզրակացության, որովհետև Ադամն ու Եվան սովոր էին ծածկվել հենց թզի տերևներով, սակայն այս տարբերակը ևս գիտնականները քիչ հավանական համարեցին։
Որոշ հետազոտողներ նախընտրություն էին տալիս, որ հնարավոր է՝ միրգը խաղող կամ նուռ է եղել։ Ոմանք անգամ նշում էին, որ հնարավոր է՝ Եվան Ադամին հյուրասիրել է ցորենով, սակայն այս բոլոր տարբերակները ժխտվեցին վերջին հետազոտությունից հետո։
Գիտնականներն իրենց վերջին հետազոտության արդյունքում պարզեցին, որ «արգելված պտուղն» իրականում եղել է, ոչ ավել, ոչ պակաս, արմավ։ Նրանք նշում են, որ առաջին մարդիկ ապրել են Միջագետքի տարածքում ու սնվել են հիմնականում արմավով, այդ պատճառով Ադամն ու Եվան, ամենայն հավանականությամբ, հենց արմավ են կերել ու վտարվել դրախտից։ Այս վարկածը ևս չի կարող ամբողջովին ճիշտ համարվել, այնուամենայնիվ, այժմ այն ամենատարածվածն ու ճշմարտացին է համարվում։