Amazon-ը երկարացրել է դեռ չթողարկված «Մատանիների տիրակալը» սերիալը, այն կունենա երկրորդ եթերաշրջան: Այդ մասին հայտնել է Variety-ն:
Առայժմ ընթանում է առաջին եթերաշրջանի նկարահանման նախապատրաստությունը, թեև դերասանական կազմը դեռևս լիովին չի որոշվել: Շոուին ստույգ կմասնակցեն Մարկելա Քավենան («Պիկնիկ կախ ընկած ժայռի մոտ»), Ուիլ Փոուլթերը («Ողջ մնացածը», «Մենք՝ Միլլերներս») և Ջոզեֆ Մոուլը («Գահերի խաղը»):
Նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում, ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան է, նախագծի սցենարիստներն են Պատրիկ Մաքքեյնը և Ջոն Դ.Փեյնը, կոնսուլտացիաներ տրամադրող պրոդյուսերը Բրայան Քոգմանն է՝ «Գահերի խաղից»:
Սկզբում խոսվում էր այն մասին, որ սերիալն ունենալու է երկու եթերաշրջան, բայց երկրորդի վերաբերյալ տեղեկատվությունը միայն այժմ է պաշտոնապես հաստատվել:
Սյուժեն գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ սերիալում կհայտնվեն նոր սյուժետային գծեր, որոնք նախորդում են «Մատանու եղբայրության» իրադարձություններին: