Այս պատճառները Ձեզ դուր կգան, հատկապես, եթե Դուք կարող եք ինքներդ կազմել աշխատանքային օրը:
Բուերի և արտույտների վիրտուալ պայքարն այնքան կրքոտ չէ, որքան մսակերներինն ու բուսակերներինը, բայց երբեմն նույնպես լինում է շատ դաժան: Արտույտներն ասում են, որ արևածագը լավագույն տարբերակն է նոր բան սկսելու համար, իսկ բուերը վստահ են, որ միայն գիշերվա խաղաղությունն է բացահայտում ամբողջ ստեղծագործական պոտենցիալը: Ո՞վ է ճիշտ: Հստակ ոչ ոք չի կարող ասել, բայց մենք փորձել ենք առանձնացնել արտույտների բերած պատճառաբանությունները, թե ինչու է պետք արթնանալ մինչև արևածագը:
Առավոտյան հեշտ է կայացնել բարդ որոշումներ
Ըստ հոգեբանների, կամքի ուժը, ինչպես մեր մկանների ուժը, ունի որոշակի վերջնական պահուստ: Օրվա ընթացքում այն աստիճանաբար սպառվում է, իսկ երեկոյան մեզանից շատերը բացարձակապես չեն լինում այնպիսի վճռական վիճակում, ինչպիսին նրանք առավոտյան էին: Այսինքն՝ եթե Դուք ստիպված եք կատարել որևէ բարդ, տհաճ, ձանձրալի խնդիր, ապա պետք է դա անել առավոտյան, քանի որ երեկոյան Դուք կունենաք հարյուրավոր և հազարավոր պատճառներ դա հետաձգելու կամ չեղյալ հայտարարելու համար:
Վաղ առավոտյան քիչ է ձանձրույթը
Եթե Դուք կարող եք սկսել Ձեր օրն իսկապես վաղ, նույնիսկ ավելի վաղ, մինչ ամբողջ քաղաքը սկսում է իր խենթ մրցավազքը, ապա կտեսնեք, որ Դուք գտնվում եք կախարդական քնած թագավորությունում: Դատարկ փողոցներ և զբոսայգիներ, ոչ մի տեղ չկան խցանումներ և հերթեր, ոչ ոք չի զանգում Ձեր հեռախոսին և չի ուղարկում Ձեզ հետագա հանդիպման 501-րդ հիշեցումը:
Աշխարհը դեռ քնած է և Ձեզ տալիս է մի քանի թանկարժեք ժամ, որտեղ Դուք կարող եք ինչ-որ բան անել: Մի կորցրեք այս կախարդական ժամանակը:
Առավոտյան քիչ են գայթակղությունները
Վաղ առավոտյան Դուք արթնանում եք և տեսնում, որ սոցցանցերում կա ընդամենը 3 ծանուցում, էլ-փոստի միջոցով ոչ ոք Ձեզ նամակներ չի ուղարկել, և անգամ սարսափելի նորությունները դեռ չեն անհանգստացնում: Առավոտյան Դուք չեք կարողանա շեղվել վիրտուալ կյանքում, անգամ, եթե շատ ցանկանաք: Ճիշտ ժամանակն է սեփական գործերով, կամ, վերջապես, սեփական մարմնով զբաղվելու համար:
Հագեցած առավոտը փրկում է ողջ օրը
Եթե վաղ առավոտյան կարողանաք կատարել Ձեր առջև դրված առաջադրանքներից գոնե մեկը, ապա հեշտությամբ կկատարեք նաև մյուսները: Բացի այդ, երեկոյան Դուք կունենաք ազատ ժամանակ:
Եթե սկսեք աշխատել կեսօրին, ապա Ձեր ամբողջ օրը կընթանա քաոտիկ: Դուք, հավանաբար, կկատարեք քիչ առաջադրանքներ, չեք հանգստանա և ուշ կքնեք:
Առավոտյան ցածր է սթրեսի մակարդակը
Ավելի ճիշտ, ընդհանրապես բացակայում է: Ձեր մտքի վիճակն այդ պահին կարելի է համեմատել հանգիստ ջրի մակերեսի հետ, որն արտացոլում է արևի առաջին ճառագայթները: Այս տրամադրությամբ հեշտ է մեդիտացիա անել, զբաղվել յոգայով և կենտրոնանալ գրքեր ընթերցելու վրա:
Միանգամայն այլ պատկեր կլինի, եթե Դուք այդ նույն գործողությունները կատարեք երեկոյան կամ աշխատանքային ընդմիջումների ժամանակ:
Դուք հնարավորություն կունենաք հանգստանալ ցերեկը
Եթե շատ վաղ եք արթնանում և կատարում եք Ձեր բոլոր գործերը, ապա կեսօրից հետո կունենաք ազատ ժամանակ հանգստանալու համար: Իսկ ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան համեղ ճաշից հետո մաքուր խղճով պառկելն ու մի փոքր հանգստանալը: