Ճիշտ սնվելու հիմքերը դրվում են մանուկ հասակում և արտացոլվում մարդու համային հակումներում արդեն հասուն տարիքում։ Հիվանդությունների վերահսկման և կանխման կենտրոնի (ԱՄՆ) մասնագետներն ուսումնասիրել են մեկուկեսից մինչև 23 ամսական հազար երեխայի սնվելու մասին տվյալները և տեղեկացրել, որ ծնողների շրջանում մեծ տարածում ունեցող 2 մթերք ավելի լավ է չտալ մինչև 2 տարեկան փոքրիկներին։

Համաձայն առկա տվյալների վերլուծության՝ 6-11 ամսական երեխաները ստանում են մոտ մեկ թեյի գդալ ավելացված շաքար օրական, իսկ 1-2 տարեկան երեխաները՝ օրական 6 թեյի գդալ շաքար։ Պարզվել է, որ շաքարի հիմնական աղբյուրը երեխաների սննդաբաժնում քաղցր յոգուրտներն են, իսկ մեկ տարեկանից հետո՝ քաղցր մրգային ըմպելիքները։

Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին իրենց երեխաներին չտալ քաղցր մրգային հյութեր և քաղցր յոգուրտներ մինչև 2 տարեկանը։ Եվ 2 տարեկանից հետո էլ խորհուրդ է տրվում շաքարին ավելի մեծ զգուշությամբ վերաբերվել։

Մասնագետները հիշեցրել են, որ սննդաբաժնում քաղցրի մեծ պարունակությունը կարող է նպաստել ոչ միայն ճարպակալման և կարիեսի առաջացմանը, այլև ասթմայի և ապագայում բարձր ճնշման ռիսկին, գրում է Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագիրը։

med.news.am