50-ից բարձր տարիքի մարդկանց սննդաբաժինը, շատ փորձագետների կարծիքով, պետք է պարունակի մթերքներ և սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են ոսկրերի և ուղեղի առողջությունը պահպանելու համար։ Մասնավորապես, սննդաբաժնում խորհուրդ է տրվում ներառել.
Կալցիում
Տարիքի հետ ոսկրերի ամրությունը սկսում է նվազել, և մարդիկ ավելի հաճախ են բախվում ընկնելու և կոտրվածքների հետ։ 50-ից հետո գրեթե յուրաքանչյուր երրորդ կին ունենում է ոսկրերի կոտրվածք ընկնելու կամ անգամ ոչ մեծ վնասվածքների հետևանքով։ Ոսկրերի առողջությունը պահպանելու համար սննդաբաժնում անհրաժեշտ է ներառել կալցիումով հարուստ մթերքներ, ինչպիսին են կաթնամթերքները և կաթնաթթվային մթերքները (այդ թվում պանիրն ու կաթնաշոռը), մուգ կանաչատերև բանջարեղենները, լոբին և ոսպը, ընկույզները, չորացրած թուզը։
Վիտամին D
Վիտամին D-ն նույնպես անհրաժեշտ է ոսկրերի ամրությունը պահպանելու համար, բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ վիտամինի ցածր մակարդակ ունեցող մեծահասակները հանկարծակի մահանալու ռիսկին ավելի շատ են ենթարկված։
Վիտամին D-ի աղբյուր են համարվում ձուն (դեղնուցը), սնկերը, կարագը, պանիրը, կաթնաշոռը, ծովամթերքները և ձկան յուղը։
Օմեգա-3 ճարպաթթուներ
Այս նյութերը շատ կարևոր են առողջության համար, դրանք պահպանում են տեսողությունը և ուղեղը, բարելավում մազերի և մաշկի վիճակը, օգտակար են արյան շրջանառության և սիրտ-անոթային ու օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար։ Ավելին, կարծիք կա, որ դրանք կանխում են դեպրեսիան և նվազեցնում բորբոքման մակարդակն օրգանիզմում։
Պրոբիոտիկներ
Պրոբիոտիկներն օգնում են ամրացնել իմունային համակարգը, նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, դրանք նաև պաշտպանում են լնդերի հիվանդություններից, ինչպես նաև ավելորդ քաշ հավաքելուց, որն ակտուալ թեմա է դառնում 50-ից հետո։
Պրոբիոտիկների աղբյուր են կեֆիրը, հունական յոգուրտը, կիմչխին և թթու կաղամբը։
Մագնիում
Մագնիումով հարուստ մթերքները նպաստում են մկանների, նյարդային համակարգի առողջությանը, սրտի կայուն ռիթմին և առողջ իմունային համակարգին։ Շնորհիվ դրանց օգտագործման նվազում է կաթվածի ռիսկը, բարելավվում են արյան մեջ գլյուկոզայի կարգավորման մեխանիզմները, կարգավորվում է զարկերակային ճնշումը։
Մագնիումի աղբյուրներ են կանաչատերև բանջարեղենը, լոբազգիները, ընկույզները, սերմերը, ձավարեղենը, դդումը, բանանը, մուգ շոկոլադը։
Բջջանյութ
Սննդաբաժնում բջջանյութի բավարար քանակությունը պաշտպանում է աղիքային միկրոֆլորայի առողջությունը և կանխարգելում ավելորդ քաշի և ճարպակալման առաջացումը։
Բջջանյութի աղբյուրներ են մրգերը, բանջարեղենները, լոբին, ոսպը, ընկույզները, ձավարեղենը, թեփը։
med.news.am