Նոյեմբերի 11-ին նշվում է անսովոր տոն՝ Շոփինգի համաշխարհային օրը։ Այն առայժմ այնքան էլ հայտնի չէ, բայց, հենց որ մարդիկ իմանում են այդ իրադարձության մասին, արագ կանգնում են կողմնակիցների շարքում, գրում է Calend.ru-ն։
Փորձենք պարզել, թե ով եւ երբ է առաջին անգամ կազմակերպել այս հետաքրքիր տոնը։
Ամեն բան սկսվեց 2009-ին, երբ «Alibaba Group» ինտերնետ-հարթակը Չինաստանում իրականացրեց մարքեթինգային քայլ՝ «Շոփինգի համաշխարհային օր» անվամբ, իր ռեսուրսներում (եւ մասնավորապես AliExpress.com ինտերնետ-խանութում) անցկացնելով իսպառ վաճառք, որտեղ զեղչերը 50 տոկոսի չափով նորմ էին։ Իսկ «տոնը» հարմարեցված էր Ամուրիի օրվան, որը Չինաստանում նույնպես նշվում է նոյեմբերի 11-ին։
Կազմակերպիչները նախատեսել էին, որ այդ իրադարձությունը կդառնա ամենամյա միջոցառում, երբ առաջարկվող զգալի զեղչը, որի չափից «անհնար է հրաժարվել», օգտատիրոջը դրանով իսկ կվերածի գնորդի։ Եվ չսխալվեցին, նախաձեռնությանը շատ արագ միացան նաեւ չինական այլ խոշոր ինտերնետ-հարթակներ։
2013 թվականին Շոփինգի օրվա «տոնակատարությունը» «Alibaba Group»-ին 5,8 մլրդ դոլար բերեց մեկ օրում՝ այն վերածելով աշխարհում ամենախոշոր օնլայն իսպառ վաճառքի, որը կարողացավ հետեւում թողնել «Սեւ ուրբաթ» եւ «Կիբեռերկուշաբթի» անուններով հայտնի անալոգներին։
2014-ին կազմակերպիչները հայտարարեցին, որ խանութների տերերը, որոնք ներկայացված են միջազգային ինտերնետ-հարթակներում, ինչպես AliExpress-ը, նույնպես կմասնակցեն իսպառ վաճառքին։ Հենց դրա շնորհիվ 2014 թվականի նոյեմբերից նաեւ ռուսաստանցիները հնարավորություն ստացան մասնակցելու այդ վիթխարի իսպառ վաճառքին։