Իոսիֆ Կոբզոնի կինը՝ Նինել Դրիզինան, որն առավել հայտնի է՝ որպես Նելլի Կոբզոն, օրերս դստեր՝ Նատալյայի հետ Երեւանում էր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ընտանիքի անդամներն այստեղ նոյեմբերի 3-ին մասնակցել են Կոբզոնին նվիրված բարեգործական հուշ-երեկոյին, որի կազմակերպիչը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն էր, ինֆորմացիոն հովանավոր՝ all.me թվային հարթակ։
NEWS.am STYLE-ը ներկա է եղել հայ եւ ռուս արտիսների մասնակցությամբ համերգին, որի ֆոտոռեպորտաժն ու մանրամասներն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը։ Dvin Music Hall-ում այդ օրը հանդիպել ենք նաեւ Նելլի Կոբզոնին, որը մեզ հետ կիսվել է ամուսնու մասին հուշերով եւ պատմել Հայաստանի հանդեպ իրենց սիրո մասին։
«Ինձ համար Իոսիֆը լեգենդ էր․ նա երբեք չի հեռանա իմ կյանքից, հուշերից եւ սրտից։ Նոյեմբերի 3-ը մեզ համար խորհրդանշական օր էր, մենք 48 տարի առաջ հենց այդ օրն ենք ամուսնացել։ Նա շատ էր երազում ապրել մինչեւ մեր ոսկե հարսանիքը․ չստացվեց․․․ Ամեն դեպքում, ես եւ մեր ամբողջ ընտանիքը մինչ օրս պահպանում ենք այն բոլոր սովորույթները, որոնք հենց նա է առաջ քաշել։ Ամեն տարի մեծ շուքով նշել ենք մեր ամուսնության տարեդարձները, իսկ այս տարի այնպես ստացվեց, որ մեր հայ ընկերներն առաջարկեցին համատեղել այս օրը նման երեկոյի հետ։ Ես, իհարկե, շատ ուրախացա նման առաջարկ ստանալով»,-արցունքների ու հուզմունքի ներքո խոստովանեց Նելլի Կոբզոնը։
«Հայաստանը մեր երկուսիս համար էլ սիրելի վայր է։ Ամուսինս շատ էր սիրում այստեղ լինել։ Նա առաջիններից է այցելել Սպիտակ․ նրա համար Սպիտակի երկրաշարժը մեծ դժբախտություն էր։ Հնարավորության դեպքում ամուսինս հաճախ էր գնում այնտեղ համերգներով։ Վերջին անգամ, երբ այնտեղ էինք, նկատեցինք, որ քաղաքը վերականգնվել էր, այն գնալով ծաղկում է»,-նշեց նա։
Կոբզոնի կինն ասում է՝ հնարավորության դեպքում միշտ սիրով է ամուսնուն ուղեկցել հայաստանյան այցերի ժամանակ։
«Մենք շատ էինք սիրում հայկական խոհանոցը, երաժշտությունը, դուդուկը։ Ամուսինս միշտ սիրով էր երգում Բաբաջանյանի եւ մյուս հայ կոմպոզիտորների երգերը»։
Պատահական չէ, որ Իոսիֆ Կոբզոնին նվիրված երեւանյան հուշ-երեկոն բարեգործական բնույթ էր կրում։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստն իր կյանքի ընթացքում հաճախ է հանդես եկել բարեգործական միջոցառումներով, թեպետ այդ մասին Կոբզոնը խոսել չէր սիրում։
«Այո, նա այդպիսին էր․ հենց դրա համար էլ նրան լեգենդ են համարում։ Իոսիֆ Կոբզոնը մարդկանց սրտերում է ոչ միայն՝ որպես մեծ երգիչ,այլեւ՝ քաղաքացի»։
Ի դեպ, նոյեմբերի 3-ին Dvin Music Hall-ում կայացած բարեգործական համերգի ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։