ԱՄՆ Օկլահոմա նահանգի բնակչուհի, չորս երեխաների մայր Ալի Մեյերը կրծքագեղձի քաղցկեղի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով անցել է մամոգրաֆիկ հետազոտություն, բայց նրան սարսափելի լուր է սպասել:
 
40-ամյա Ալին երբեք մամոգրաֆիկ հետազոտության չէր դիմել և չէր էլ մտածել, որ երբևէ  նման խնդրի առաջ կկանգնի:
 
 
News 4 հեռուստաալիքի  հաղորդավարուհին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հեռարձակել է հետազոտության գործընթացը, որպեսզի խրախուսի այլ կանանց գնալ հիվանդանոց: Նա շոկի մեջ է ընկել, երբ հայտնել են, որ կրծքագեղի քաղցկեղ ունի, գրում է Daily Mail-ը: Դրան հետևել է ևս մի քանի թեստ: Բժիշկները հայտնել են Ալիին, որ անհրաժեշտ է հեռացնել նրա աջ կրծքագեղձը: 
 
Երկու ամիս անց կինը, հետևելով բժիշկների խորհրդին, վիրահատության է ենթարկվել:
 
Հիմա Ալին 41 տարեկան է: Վերջերս նա ևս մեկ թեստ  է անցել: Բժիշկները կնոջ կրծքում որևէ չարորակ գոյացություն չեն հայտնաբերել. հիվանդությունը վերջապես նահանջել է:
 
Հաղորդավարուհին ցանկանում է հիշեցնել բոլոր կանանց, որ հետազոտությունը կարող է փրկել նրանց կյանքը: