Չառլի Չապլինը կյանքի ընթացքում հասցրեց ուրախացնել իր բազմաթիվ դիտողներին։ Նրանով ու նրա ստեղծած արվեստով հիանում էին աշխարհի բոլոր ծայրերից, սակայն այն, ինչ եղավ իր մահից հետո, մեղմ ասած, հումորային չէր։

Չառլի Չապլինը մահացավ 1977թ.-ին ու թաղվեց շվեյցարական Կորսե-սյուր-Վեվե գյուղում, որը գտնվում է Ժնևի լճի մոտակայքում։ Նրա մահվանից մեկ տարի անց տեղի ունեցավ գողություն, որի մասին խոսեց ամբողջ աշխարհը. գերեզմանատնից անհետացավ Չառլի Չապլինի մարմինը։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

 

1978թ.-ի մարտի 2-ին երկու երիտասարդ որոշեցին գումար վաստակել ու դա որոշեցին անել չափազանց անսովոր ու ամոթալի ձևով։ Մի գիշեր նրանք ուղղակի թաքուն մտան գերեզմանատուն ու սկսեցին իրենց դաժան նախաձեռնությունը։ Արդյունքում նրանց հաջողվեց գողանալ մեծն դերասանի՝ Չառլի Չապլինի մարմինը։

Հենց հաջորդ օրը գողերը զանգահարեցին դեռ վիշտը չհաղթահարած Չապլինի կնոջն ու պահանջեցին 600.000 դոլար՝ մարմնի վերադարձի համար։ Չառլի Չապլինի կինը՝ Ունան, նշեց, որ երբեք նման գումար չի վճարելու, որովհետև անգամ իր ամուսինը, եթե ողջ լիներ, կնշեր, որ այս պահանջն ուղղակի դուրս է բարոյականությունից։ Դրանից հետո նրանք սպառնում էին, որ եթե գումարը չվճարվի, ապա իրենք պատրաստ են անգամ վնասել Չապլինի երեխաներին։ Այս սպառնալիքներն այնքան հաճախ էին կրկնվում, որ ոստիկանությունը կարողացավ հեշտությամբ գտնել գողության հետքերն ու հետևել գողերին։

Շուրջ 5 շաբաթ անընդմեջ հետախուզություն իրականացնելուց հետո գողերին բռնեցին, իսկ մարմինը նորից թաղեցին։ Այս անգամ մեծն դերասանի ու արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի մարմինը թաղվեց 2 մետր խորությամբ, որի վրա բետոն լցվեց։ Սա արվել էր հատուկ նպատակով, որպեսզի այլևս երբեք գողության փորձ տեղի չունենա։

Գողերի անունները հայտնի դարձան․ նրանք երկուսն էլ ավտոմեխանիկներ էին՝ լեհ Ռոման Վարդասը և բուլղարացի Գանչո Գանևը։ Պարզվեց՝ այս երկուսը միգրանտներ էին, ովքեր իրենց կյանքն ապահովելու լուրջ խնդիր ունեին ու որոշել էին գնալ նման ծայրահեղ քայլի։ Գողերը պատմել էին, որ սցենարը նրանք մշակել են ոգեշնչվելով իտալական ամսագրերից մեկում տպագրված մի հոդվածից, որում գողերը նմանատիպ մի գողություն էին արել։ Չնայած հսկայական ջանքերին՝ ոստիկաններն ու ամբողջ աշխարհը ուրախացան այն փաստից, որ չարագործների մոտ ոչինչ չստացվեց, ու Չառլի Չապլինի մարմինը կարողացավ խաղաղություն գտնել իր իսկ գերեզմանում։

blognews.am