«Տիեզերական ջեմ», «Բեթմեն եւ Ռոբին», «Մատանիների տիրակալը», «Կարիբյան ծովի ծովահանները», «Տերմինատոր», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Խոստումը», «Գեղեցկուհին եւ հրեշը»… Հոլիվույան ֆիլմերի այս շարքը կարելի է ավելացնել մի քանի տասնյակ այլ հայտնի անուններով, որոնց վիզուալ էֆեկտների հեղինակը ազգությամբ հայ նկարիչ, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ անիմատոր Ռոջեր Կուպելյանն է: Հոլիվուդում հայտնի անիմատորն այս օրերին Հայաստանում է: Այստեղ Ռոջերն, ինչպես ինքն է ասում, ոչ միայն տեսարժան վայրեր է սիրում այցելել, այլեւ ամեն վերադարձի ժամանակ պարտադիր իր փորձով ու գիտելիքներով կիսվել կինոոլորտով հետաքրքրված հայ երիտասարդների հետ:

Նկարիչ-անիմատորի հերթական սեմինարը ՀԲԸՄ-ում էր:

«Ես Հայաստան շատ հաճախ եմ գալիս եւ շարունակելու եմ այդպես անել: Այս անգամվա այցս կապված է «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ, ինչպես նաեւ դասընթացներով հանդես եմ գալիս «ԹՈւՄՈ»-ում: Ես միշտ սիրով պատրաստ եմ աջակցել ֆիլմարտադրության հետ կապված ամեն ինչի, ինչ կատարվում է այստեղ»,-սեմինարից առաջ խոստովանեց Կուպելյանը՝ բացահայտելով նաեւ, որ շուտով իր մասնակցությամբ նոր հոլիվուդյան նախագծեր են լինելու, որոնք, սակայն, չշտապեց մանրամասնել.

«Դեռ իրավունք չունեմ դրանց մասին բարձրաձայնել, բայց դրանք այնպիսի բաներ են լինելու, որոնց մասին, այպես, թե այնպես, անպայման կլսեք»:

Հոլիվուդյան ֆիլմերի վիզուալ ֆեկտների վարպետն ասում է՝ իր սերը դեպի անիմացիան սկսվել է նկարչության հանդեպ սիրուց: Հիշում է՝ ինչպես էր անդադար նկարում, երբ ազատ էր մնում, երբ բանակցությունների համար ինչ-որ մեկին սպասելիս էր լինում, անգամ կարեւոր հանդիպումների սպասումների ընթացքում՝ սքեթչբուքի, անձեռոցիկի կամ սովորական թղթի վրա՝ ինչ, որ ձեռքի տակ այդ պահին ունենար:

Ամենից շատ Ռոջերը սիրում է նկարել ռոբոտների: Ի դեպ, նրանցից շատերի նախատիպերը հենց մարդիկ են, որոնց նկարիչը հանդիպում է եւ սկսում ուրվանկարել: Նա հավատում է, որ հետո հենց այդ մոդելների աուրան փոխանցվում է իր ստեղծած ռոբոտների կերպարներին:

Ռոջերը հոլիվուդյան ֆիլմերի արտադրության մեջ է արդեն 25 տարի: Ասում է՝ այս ընթացքում մի շատ կարեւոր բան է հասկացել՝ հաջողության հասնելը հեշտ չէ.

«Ոչ ոք քեզ չի մոտենալու եւ ասի՝ օ՜, դու հայի գեղեցիկ աչքեր ունես, արի քեզ օգնեմ: Ոչ, հաջողության հասնելու համար աշխատասիրություն է պետք»:

Կուպելյանը իրեն հայկական ֆիլմարտադրության գիտակ չի համարում, բայց պատասխանելով NEWS.am STYLE-ի հարցին, թե որոնք են ըստ իրեն հայկական ֆիլմերի ուժեղ եւ թույլ կողմերը, նշեց.

«Որքանով, որ հետեւում եմ, կարող եմ ասել, որ մեր ֆիլմարտադրության ուժեղ կողմերից մեկը պատմությունն է, իսկ թույլ կողմն այն է, որ այն հաճախ մտածված չի լինում միջազգային լսարանի համար: Ինձ շատ տպավորել է, օրինակ, «Երկրաշարժ» ֆիլմը:

Հայկական ֆիլմերի ուժեղ կողմերից է նաեւ դերասանական խաղը... Կան նաեւ թեթեւ ֆիլմեր, որոնք շատ ծիծաղելի են, բայց հաճախ սցենարները այլ ֆիլմերի իմիտացիա են»:

Այս անգամ նկարիչը երկարաժամկետ այցով չի եկել հայրենիք: Ասում է՝ չի հասցնի վարպետության դասընթացներով հանդե գալ նաեւ Հայաստանի այլ քաղաքներում, բայց այն, ինչի ականատես լինում է յուրաքանչյուր այցի ժամանակ, իր խոսքով՝ շատ տպավորիչ է.

«Շատ տաղանդավոր երիտասարդներ կան այստեղ, ես հաճելիորեն զարմացած եմ` բացահայտելով, թե ինչքան բանիմաց ուսանողներ ունենք: Վերջերս էլ Ստեփանակերտում էի ու նույն տպավորությունը ստացա: Մեծ հույսեր եմ կապում նրանց հետ»: