Ամիսների ընթացքում Անուշ Զարգարյանի անունը թնդաց ամբողջ Ավստրալիայում։ Նա միանգամից երկու «առաջին անգամի» հեղինակ դարձավ. առաջին անգամ ավստրալական «Masterchef» հայտնի հեռուստաշոուին հայուհի էր մասնակցում, և առաջին անգամ՝ շոուի եթերային ամբողջ 11 տարիների պատմության ընթացքում 50-անց մասնակիցն ընդգրկվեց լավագույնների «թոփ 6»-ում։ Ավստրալիայում ճանաչման հասած Անուշ Զարգարյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է տնային տնտեսուհուց բարձրակարգ խոհարար դարձել։
«Խոհարարությամբ երբեք պրոֆեսիոնալ չեմ զբաղվել։ Հայաստանում տնային տնտեսուհի էի, շատ էի սիրում խմորեղեն պատրաստել»,- պատմում է Անուշն ու անկեղծանում, որ չէր կարելի ասել, թե իր «ելույթները» տան խոհանոցում միշտ շատ փայլուն էին։ 2001թ.-ին ամուսնու և երկու երեխաների հետ տեղափոխվեցին Ավստրալիա, ու ամբողջ ընտանիքի կյանքը փոխվեց։ Տեղափոխման պատճառն ամուսնու աշխատանքն էր։ Ֆրանսիական Թուլուզում՝ Airbus-ի գործարանում վերապատրաստված փորձառու ավիաինժեներին աշխատանքային գրավիչ առաջարկ արեցին՝ հրավիրելով աշխատել Ավստրալիայում։
Անուշը խոստովանում է, որ տեղափոխության առաջին տարիներն իր համար շատ ծանր էին ու սթրեսային։ Արտագաղթի ամենադժվար կողմերից մեկը լեզվական խոչընդոտն էր՝ հայտնվել էր մի տեղում, որտեղ ինքը չէր հասկանում շրջապատող մարդկանց, նրանք էլ՝ իրեն։ Անկեղծանում է՝ կարծես ինքն իրեն կորցրած լիներ։ Մելբուրնում հայկական համայնքը շատ փոքր է, այնպես որ Անուշն այդ մեծ երկրում ինչ-որ առումով մենակ էր մնացել իր արտահայտվելու և հասկացված լինելու անկարողության հետ միասին։
«32 տարեկանում ես ամեն ինչ նորից սկսելու խաչմերուկում հայտնվեցի։ Որոշեցի սովորել, համալսարան ընդունվեցի»։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am