Մոդել Այիշա Թանը Gucci-ի ցուցադրության ժամանակ բողոքի ակցիա է իրականացրել:

Նա ափերին «հոգեկան առողջությունը նորաձեւություն չէ» գրությամբ դուրս է եկել հարթակ․ այսպիսի բողոք Gucci-ի՝ զսպաշապիկներ հիշեցնող հավաքածուից: Ավելի ուշ Այիշան Instagram-յան իր էջում հայտարարել է, որ ինքը եւս հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել: Ավելին՝ նրա ընտանիքն ու ընկերները տառապել են ծանր հոգեկան խնդիրներով, այդ թվում շիզոֆրենիայով:

«Այնպիսի մեծ նորաձեւության տան համար, ինչպիսին է Gucci-ն, աններելի է այսպիսի արարքը` հոգեկան առողջությունն օգտագործել նորաձեւության դրսեւորման ձեւ»,- նշել է մոդելը:

Հրապարակմանը կից հետեւորդները եւ այցելուները ակտիվորեն շնորհակալություն են հայտնել այսպիսի ակցիա կազմակերպելու համար: Մի մասը գրել է, որ հարգում է մոդելի որոշումը, իսկ մյուսը` սատարում: Ցուցադրությունից անմիջապես հետո մոդելների մի մասը միացել է ակցիային եւ իրենց աշխատավարձի կեսը տրամադրել հոգեկան առողջությամբ զբաղվող կազմակերպություններին:

«Այս խաղաղ բողոքով ես ուզում եմ մարդկանց հիշեցնել, որ այսպիսի քաջությունը պարզապես պարզ ժեստ է` համեմատած այն քաջության հետ, որը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ ամեն օր ցույց են տալիս»,- հավելել է Այիշան:

Հիշեցնենք, որ հայազգի մոդել  Արմինե Հարությունյանը ցուցադրությանը ներկայացել էր նույն զսպաշապիկ հիշեցնող հագուստով: NEWS.am STYLE-ը փորձել է Արմինեից պարզել, արդյոք նա միացել է ակցիային, թե ոչ.

«Ոչ, ես ակցիայի մասին չեմ իմացել: Բեքստեյջում էի, երբ իմացա, սակայն ինձ համար ամեն ինչ ընդունելի էր, մարդիկ ազատ ինքնաարտահայտման իրավունք ունեն: Նախապես իմանալու դեպքում կմասնակցեի, թե ոչ, դա չեմ կարող ասել»,- նշեց մոդելը:

Ապրանքանիշը պնդում է, որ իրերը պատրաստված են պարզ ձեւավորմամբ, եւ Այիշան դրանց շատ լուրջ է վերաբերվել: Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն հագուստի այս հավաքածուով փորձել է ցույց տալ, թե ինչպես է ուժը ճնշում գործադրում կյանքի վրա:

Անդրադառնալով Gucci կազմակերպության պաշտոնական հայտարարությանը` Արմինեն կողմնակալ դիրքորոշում չներկայացրեց. «Իմ կարծիքով՝ բոլոր ժամանակներում արվեստի մարդիկ ոգեշնչվել են տարբեր բաներից, ամեն մի փոքրիկ բանից: Հենց սա էլ այդպիսի ոգեշնչման եւ արտահայտման ձեւ էր»:

Նշենք նաեւ, որ իրադարձությունները չեն ստիպել երկար սպասել: Ցուցադրությունից անմիջապես հետո Bloomberg-ը հայտնել է, որ հագուստի այդ հավաքածուն վաճառքի ենթակա չի լինելու: