Մեծ Բրիտանիայի բնակչուհի Սթեյսի Դեկլերկը փրկել է 6-ամսյա որդու կյանքը՝ աչքի ցանցաթաղանթի ուռուցքի ախտանշաններից մեկը հայտնաբերելով տղայի լուսանկարում, գրում է բրիտանական The Sun-ը:

 

Կնոջ խոսքով` որդու լուսանկարները նայելով՝ նրա աջ աչքի բիբում սպիտակ փայլ է նկատել և սկսել է նշված երևույթի բացատրությունը փնտրել համացանցում:

«Համացանցում ընթերցածս ամբողջ տեղեկատվությունը ցույց էր տալիս, որ տղաս քաղցկեղ ունի, սակայն ես շարունակեցի այլ տարբերակներ որոնել»,- ասել է կինը` նշելով, որ չի ցանկացել հավատալ ընթերցածին:

Արդյունքում կինը որոշել է, որ աչքի փայլը լույսի անդրադարձի արդյունք է: Երբ տղան սկսել է ավելի վատ տեսնել, մայրը նրան հիվանդանոց է տարել: Հիվանդանոցի եզրակացությամբ` տղայի մոտ ռետինոբլաստոմա է եղել` աչքի ցանցաթաղանթի չարորակ ուռուցք: Տղան ներերակային քիմիաթերապիայի երեք կուրս է անցել, ինչի արդյունքում ուռուցքը կիսով չափ փոքրացել է: Տղան, այնուամենայնիվ, բուժման կուրսից հետո կորցրել է թարթիչները և հոնքերը:

«Շատ դժվար է հասկանալ՝ երեխայի մոտ վտանգավոր ախտանշաններ կան, թե ոչ, երբ նա այդքան փոքր է»,- աել է Սթեյսին:

Տղան պետք է բժիշկների պարբերական հսկողության տակ մնա մինչև 5 տարին լրանալը: