Չիկագոյի Քոննորս պարկում փողոցային նշան են տեղադրել, որը ցույց է տալիս դեպի տարբեր քաղաքներ հեռավորությունը, այդ թվում՝ դեպի Երեւան, հաղորդում է Mirror-Spectator-ը:

Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի խոսքով՝ «6060 մղոն դեպի Երեւան» նշանը վկայում է այն մասին, թե որքան փոքր է մեր մոլորակը: Հյուպատոսը նաեւ բոլորին կոչ է արել Հայաստան այցելել:

Նշենք, որ անցած տարի Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսի հովանու ներքո, «Բիզնես Արմենիա»-ի նախաձեռնությամբ եւ Չիկագոյում տեղական համայնքի աջակցությամբ նույն պարկում տեղադրվել էին «Չիկագո-Երեւան» գրությամբ նստարանները, որոնք պատրաստվել են Հայաստանում եւ նման են Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներում տեղադրված նստարաններին: