ԱՄՆ Նեբրասկա նահանգում 65-ամյա տղամարդ է մահացել ծխելու խառնուրդ գործածելու պատճառով: Նա դարձել է երկրում վեյփերի 15-րդ զոհը, հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Տղամարդը մահացել է մայիսին, սակայն բժիշկները մահվան պատճառը կարողացել են պարզել միայն հիմա՝ վեյփ ծխելու հետեւանքով առաջացած բարդությունների մասին զանգվածային հաղորդումներից եւ մահվան մի շարք դեպքերից հետո, հայտնել է համաճարակաբան Թոմ Սաֆրանեկը: Երկրում գրանցվել է վեյփերի գործածման պատճառով շնչառական համակարգի խնդիրների հետ կապված ընդհանուր 800 դիմում:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից հայտնել են, որ վեյփեր գործածողների մեծամասնությունը, որոնց մոտ առողջական խնդիրներ են առաջացել, սեւ շուկայում են ձեռք բերել մարիխուանայով ծխելու խառնուրդները: Տուժածների մոտ իրար նման ախտանիշներ են դրսեւորվել, որոնք թոքաբորբ էին հիշեցնում՝ հազ, շնչառության խնդիրներ, կրծքավանդակում ցավ, ուժգին հոգնածություն, փսխում եւ դիարեա: Հիվանդությունների հավանական պատճառ է համարվում E վիտամինով յուղը, որը կենտրոնի մասնագետները հայտնաբերել են տուժած վեյփերների մարիխուանայով խառնուրդների մեջ: Սակայն տեղական առողջապահության նախարարությունում նշում են, թե դեռեւս վաղ է որեւիցե եզրակացություն կատարելու համար:
Օգոստոսի վերջին էլեկտրոնային ծխախոտ ծխելու պատճառով մահացել էր Իլինոյս նահանգի բնակիչը: Նա ավելի վաղ հոսպիտալացվել էր վեյփ ծխելու պատճառով ծանր շնչառական հիվանդությամբ, որից հետո մահացել էր: Տեղի հանրային առողջապահության դեպարտամենտից ավելի ուշ հաստատել էին, որ սա նահանգում էլեկտրոնային ծխախոտի պատճառով արձանագրված մահվան առաջին դեպքն է:
Սան Ֆրանցիսկոյում, Միչիգանում եւ Կալիֆոռնիայում արդեն ուժի մեջ է մտել վեյփերի համար բուրավետ խառնուրդների վաճառքի արգելքը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջիկայում երկրում դրանց վաճառքն արգելելու մասին, սակայն դեռեւս հստակ չէ, թե այն երբ է սկսելու գործել: