Միշտ էլ ինչ-որ առումով հաճելի և իհարկե զարմանալի է, երբ մենք լսում ենք մարդու մարմնի անհավատալի հնարավորությունների մասին․ ասենք, ինչ-որ մեկը գուցե երկար ժամանակ չի շնչում ջրի տակ, մյուսն  ընդհանրապես չի վախենում ցրտից, երրորդն ապրում է առանց ջրի և սննդի:

Մարդկության էվոլյուցիան արդեն նոր փուլ է թևակոխում՝ այսպես կոչված «արևակերների»  փուլ:

Բայց, ինչպես միշտ, յուրաքանչյուր մետաղադրամ ունի երկու կողմ: Դպրոցից մենք գիտենք, որ մարդը կարող է ապրել առանց սննդի մոտ 8 շաբաթ, առանց ջրի` ոչ ավել, քան 2 շաբաթ: Փորձենք պարզել՝  հնարավո՞ր է ընդհանրապես հրաժարվել սնունդից և ապրել տարիներ շարունակ առանց որևէ բան ուտելու, գոյատևել միայն արևի էներգիայով։

Եվ ուրեմն ովքե՞ր են «ուտում» արևը:

Արևից սնվողներն այն մարդիկ են, ովքեր պնդում են, որ կարող են տարիներ շարունակ ապրել առանց ուտելիքի ու ջրի և սնվում  են տիեզերքի ու արևի ճառագայթների էներգիայով: Այս մարդիկ փոխել են իրենց հորիզոններն ու վերաբերմունքը աշխարհի հանդեպ: Նրանք անըհդհատ մեդիտացիաններ են անում և ապրում իրենց սեփական աշխարհում:

Չնայած որ արևակերները հավաստիացնում են, թե սնունդ չեն օգտագործում, բոլոր դեպքերում նրանք լավ տեսք ունեն` մաշկը, մազերը, ատամները գերազանց վիճակում են, մարմինը բացարձակ հյուծված չէ, տրամադրությունը զարմանալիորեն լավ է, և նրանք ավելի երիտասարդ են թվում: Նայելով նրանց, գուցե մենք էլ մտածեք ամբողջովին սնունդից հրաժարվելու մասին: Պատկերացրեք, թե ինչքան փող ու ժամանակ կխնայենք, անասելի արագ կհարստանանք:

Գուցե արժի՞ անցնել անսնունդ կյանքի․․․

Եվ ինչ կլինի, եթե…

Մի պահ պատկերացնենք, որ տեսականորեն աշխարհը հրաժարվել է սնունդից: Մարդիկ դարձել են ավելի առողջ, ավելի հարուստ, նրանք շատ ժամանակ ունեն, աղբը շատ ավելի քիչ է (ինչը գուցե մեր քաղաքի Չաղբահանության համար հրաշալի կլնի): Բայց, մյուս կողմից, մտածեք այն մասին, թե աշխարհում ինչ տեղ է գրավում սննդի արդյունաբերությունը և դրա հետ կապված ամեն ինչ: Քանի՞ մարդ կմնա առանց աշխատանքի և փողաբեր բիզնեսի: Էլ ու՞ր մնացին տատիկի պատրաստած կարկանդակներն ու համեղ թխվածքները, իսկ երեկոյան՝ աշխատանքային օրվանից հետո պարտադիր, ծրագրային գարեջուրն ու իր ատրիբուտները:

Իհարկե, բարեբախտաբար մենք դեռ հեռու ենք նման գլոբալ հեռանկարներից և, ինչու չէ, նաև  խնդիրներից, բայց այսօր աշխարհում արդեն կա ավելի քա 30 հազար արևակեր:

Իսկ ինչպե՞ս հրաժարվել սնունդից

Ամենահայտնի արևակերները պնդում են, որ մարդու համար սովորական կերակուրից ընդմիշտ հրաժարվելու համար միայն ցանկությունը  հերիք չէ: Անհրաժեշտ է վերանայել  մտածելակերպը, մեդիտացիա անել, ներսում փնտրել ներքին էներգիա և, ամենակարևորը՝  աստիճանաբար հրաժարվել սնունդից:

Արևի էներգիայով սննդի տեսության ամենատարածված կողմնակիցներն հրատարակում են բազմաթիվ գրքեր, վիդեո դասեր, դասախոսություններ են տալիս: Բայց սա իրականում  մտահոգիչ է: Եթե այս ապրելակերպը խրախուսողներն  այնքան լավ են զգում իրենց  նոր,  առողջ մարմնում ՝ մաքուր մտքերով, ապա ինչու՞  են գումար աշխատում ուրիշների խնդիրների վրա՝ պրոպոգանդելով իրենց նոր՝  ծայրահեղության հասնող ապրելակերպը, ինչո՞ւ չեն օգնում անվճար, առանց շահադիտական նպատակների:

Քարանձավաբնակ մոլորեցնողը…

Այս հարցի ամենամեծ մոլորեցնող-ուղղորդողն է համարվում առանց սննդի կյանքի տեսության ամենահայտնի հետևորդ Պրահլադ Ջանին: Նա ծնվել է 1929-ին Հնդկաստանում: Տղամարդը պնդում է, որ 11 տարեկանից չի ուտում և չի խմում: Նա ապրում է քարանձավում, ընդունում է ուխտավորներին, որոնք գալիս են նրա մոտ տարբեր երկրներից: Իր խոսքն ու դավանանքը հաստատելու համար Պրահլադը երկու անգամ համաձայնել է մի քանի օր անցկացնել հիվանդանոցում ՝ բժիշկների հսկողության տակ: Բժիշկները հաստատել են, որ այդ ժամանակահատվածում նա իսկապես ոչինչ չի կերել, չի էլ օգտվել պետքարանից: Նրանք  նշել են, որ քարանձավաբնակի  առողջական վիճակը գերազանց է, և նա իսկապես ապրում է առանց սննդի:

Բայց հետագայում  շատերը կասկածեցին նրա խոսքերին, քանի որ Պրահլադը երբեմն դուրս էր գալիս հիվանդանոցից՝ հանդիպելու այսպես կոչված հետևորդների հետ, որտեղ տեսախցիկների չկային: Ըստ լուրերի, այս տեսության ջատագովն ունի հովանավորներ, որոնք հոգ են տանում այն մասին, որ ուղիղ եթերով ոչ մի փորձարկում տեղի չունենա: Շատերը կարծում են, որ Պրահլադ Ջանին այնքան  էլ ազնիվ չէ, որքան  հավաստիացնում է:

Հաշվի առնել…

Որ մեր մարմինը հսկայական քիմիական լաբորատորիա է, որտեղ ամեն րոպե տեղի  են ունենում գործընթացներ: Ո՞վ է մեզ ստեղծել` Աստվա՞ծ, թե՞ էվոլյուցիան, էական չէ։ Էականն այն է, որ ամեն ինչ այնպես է «կազմակերպված»,  որ մարդու մարմնում չլինի ոչ մի ավելորդ օրգան: Յուրաքանչյուր անոթ, բջիջ, օրգան ունի իր պարտականությունները: Եվ եթե ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է աշխատում, մեր ամբողջ մարմինը տառապում է: Եվ ուրեմն ինչպե՞ս  կարելի է բացատրել այն փաստը, որ արևակերների օրգաններն ընդհանրապես չեն փոխվում. երիկամները, լյարդը, ստամոքսը, մարսողական  և նյութափոխության համակարգը այլևս չեն կատարում իրենց գործառույթները,  բայց և միաժամանակ շարունակում են մնալ նույնը և չփոփոխվել:

Մի՛ խաբնվեք…

Կասկած չկա, որ բոլոր տեսակ բուժակները, մոգերը պատրաստակամորեն կիսում են իրենց հաջողության գաղտնիքները կլորիկ վարձավճարով: Արդյո՞ք «լուսավորիչ», հոգեպես հարուստ մարդկանց փող  պետք է: Կարո՞ղ են նրանք ապրել աղտոտված քաղաքներում, որտեղ այդքան զայրույթ ու աղմուկ կա: Պետք է երկար մտածել, նախքան նման ուսմունքներին դավանելն ու վստահելը:

Իհարկե, ես չեմ ուզում արմատապես թերահավատորեն մոտենալ այս հարցին և կասկածի տակ դնել մարդու մարմնի նվաճումները: Բայց մինչ օրս ավելի շատ փաստարկներ կան ընդդեմ «արևն ուտողների», քան փաստեր՝ նրանց օգտին:

Բայց մենք կարող ենք սխալվել: Այնպես չէ՞…

vnews.am