Կլիմայի և եղանակային պայմանների փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ բոլոր մարդկանց առողջության վրա՝ բարձրացնելով սեզոնային ալերգիայի, սրտի և թոքերի հիվանդությունների ռիսկը։ Կլիմայական փոփոխությունները կարող են ազդել նաև դեղերի, օրինակ՝ ինֆուզիոն լուծույթների արդյունավետության և անվտանգության վրա։ Այս մասին տեղեկացնում է Science Alert պարբերականը։
Գլոբալ ջերմացումը, գիտնականների խոսքով, կարող է զգալիորեն վատթարացնել ցանկացած երկրի առողջապահության համակարգերի աշխատանքը։ Համաձայն մի շարք հետազոտությունների արդյունքների՝ թոքի քաղցկեղ ունեցող հիվանդի ողջ մնալու հավանականությունը նվազել է, եթե նրանց բուժումն ընդհատվել է տարերային աղետների պատճառով։
Մասնագետները նաև նշում են, որ օդի բարձր ջերմաստիճանն ու ծայրահեղ եղանակային պայմաններն առավել վտանգավոր են հղի կանանց, երեխաների և տարեց մարդկանց համար։
Օդի միջին ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ բույսերն ավելի շատ փոշի են արտադրում ժամանակի ավելի երկար շրջանների ընթացքում, ինչը կարող է նպաստել ալերգիայի տարածմանը։ Գիտնականների գնահատականով՝ գլոբալ ջերմացման արդյունքում ալերգիան կարող է առաջ գալ Երկրի բնակչության 20 տոկոսի մոտ, իսկ դա շատ լուրջ թիվ է։ Ածխաթթու գազի խտացման ավելացումը կարող է վատացնել ախտանշանները, այդ թվում՝ հարբուխը և լորձաթաղանթի այտուցը, քթի փակվելը։
Օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է նաև ծխամշուշի առաջացմանը, որն իր հերթին ավելացնում է հղիների վաղաժամ ծննդաբերելու վտանգը։ Նորածինների մոտ եղանակային պայմանների փոփոխության պատճառով նկատվում են շնչառական խնդիրներ և հաճախակի ինֆեկցիաներ։
Կլիմայի փոփոխության այլ բացասական հետևանքների թվում են հաճախակի ջրազրկումները, մաշկի քաղցկեղը, աղիքային վարակները, հեմոռագիկ տենդերի և արևադարձային այլ հիվանդությունների տարածումը, կաթվածը, հոգեկան և նյարդաբանական խանգարումները, ինչպես նաև վնասվածքներ ստանալու բարձր հավանականությունը դժբախտ պատահարներից և բռնություններից՝ աշխարհում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պատճառով։