Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 15 փորձագետներից բաղկացած հատուկ խումբ է ստեղծել, որոնք փորձում են գտնել գլոբալ համավարակին հակազդելու սցենարները՝ ինչ-որ բան, որը կտարբերվեր «խուճապի և հերքման խառնուրդից», որին սովորաբար դիմում են քաղաքական գործիչները: Իր աշխատանքի իմաստն այսպես է նկարագրում Նորվեգիայի նախկին վարչապետ Գրո Հարլեմ Բրունտլանը, որը հիմա ղեկավարում է Գլոբալ պատրաստվածության մոնիթորինգի խորհուրդ (ԳՊՄԽ) կոչվող այս խումբը, հայտնում է HighTech+-ը:
Մահացու կոկտեյլը պարզ է՝ ուրբանիզացիա, գլոբալ տաքացում և հակասանիտարական վիճակ: Իշխանությունները որոշ չափով լուծում են միայն երրորդ խնդիրը, քաղաքական գործիչներն աստիճանաբար սկսում են գիտակցել երկրորդը: Տեղաշարժ կա, բայց ընդհանուր առմամբ ԳՊՄԽ գնահատման միջոցառումները «բացարձակապես անբավարար» են:
Գլոբալ տաքացման պատճառով արդեն նոր հիվանդություններ են ի հայտ գալիս: Ապագայում դրանք ավելի մեծաթիվ կլինեն և ավելի վտանգավոր:
Նոր հիվանդության՝ վարակունակ գրիպի տարածման համար ԳՊՄԽ սցենարները նախատեսում են, որ առաջին 36 ժամում կմահանա մինչև 80 մլն մարդ, նշում է Guardian-ը: Մարդկանց մահանալուց բացի, համաշխարհային խուճապը նշանակում է անվտանգության, առողջապահության ազգային համակարգերի կործանում, ինչպես նաև տնտեսությանը հասցված չտեսնված վնաս:
Համաշխարհային բանկի և ԱՀԿ-ի պատվերով խմբի պատրաստած զեկույցում ընդգծվում է, որ այս վտանգն իրական է և տարեցտարի աճում է: «Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հանդեպ համաշխարհային առաջնորդների մոտեցումները չափից ավելի երկար ժամանակ ներկայացրել են խուճապի և քամահրանքի ցիկլ,- հայտարարել է Բրունտլանը: – Հիմա եկել է շտապ և հետևողական գործողությունների ժամանակը: Անհրաժեշտ է տեղական, ազգային և միջազգային մակարդակներով մեծացնել ֆինանսավորումը՝ բռնկումների տարածումը կանխելու համար:
Առաջնորդները պետք է նախաձեռնեն արտակարգ իրավիճակի դեպքում կառավարությունների և հանրության միջև պատրաստվածության համակարգման մեխանիզմների ուժեղացման ակտիվ միջոցառումներ»:
Խորհրդի փորձագետները նաեւ չեն բացառում վիրուսային ահաբեկչությունը, երբ համավարակ կհարուցեն ոչ թե կարմրուկի դեմ պատվաստումներն արհամարհելը կամ Աֆրիկայում բռնկումը, այլ որևէ մեկի դիտավորյալ գործողությունները:
ԱՀԿ ղեկավար Տեդրոս Գեբրեյեսուսը կոչ է անում «տանիքը նորոգել մինչեւ անձրևը»: Հիվանդությունների անսպասելի բռնկումների դեմ պայքարի ոլորտում առաջընթացն առայժմ չափավոր է. 59 երկրներում ընդունվել են այդպիսի դեպքի համար գործողությունների ծրագրեր, բայց ոչ մի ծրագիրն ամբողջությամբ չի ֆինանսավորվել:
ԱՄՆ-ից մասնագետներն անցյալ տարի գնահատել էին վիրուսները, որոնք ավելի մեծ հավանականությամբ կառաջացնեն գլոբալ համավարակ: Դա, ավելի շուտ, կլինի սովորական մրսածության ազգակիցը՝ հիվանդություն, որը դեռևս իր հանդեպ հատուկ ուշադրություն չի գրավում: