Բրունո Ամադիոն 20-րդ դարի հայտնի իտալացի նկարիչ է, ով համարվում է աշխարհի ամենաառեղծվածային նկարներից մեկի՝ «Լացող Տղա» նկարի հեղինակը։ Նրա այս նկարը տարածվեց աշխարհում ոչ միայն իր տարբերվող յուրօրինակությամբ ու վախեցնող բովանդակությամբ, այլ նաև մի շարք պատմություններով, որոնք նկարն ավելի հայտնի դարձրին։ 

Մի գեղեցիկ օր Ամադիոն որոշեց նկարել իր փոքրիկ տղային, ով չափազանց վախենում էր կրակից։ Նա շատ էր ուզում, որ տղան լացի, որովհետև գաղափարը հենց լացող տղային նկարելն էր։ Իմանալով իր տղայի վախերի մասին Ամադիոն ամեն օր լուցկի էր վառում ու մոտեցնում իր տղային, որպեսզի նա սկսի լաց լինել։ Մի օր տղան այնքան լաց եղավ կրակի վախից, որ բարձրաձայն գոռաց.

-Ինքդ այրվի՛ր կրակում։ 

Այդ օրից մի քանի օր անց տղան մահացավ հիվանդանոցում հոգեկան խնդիրների պատճառով, իսկ նրա տունը այրվեց՝ տանելով նաև այդքան ատելի դարձած հորը։ Սակայն զարմանալին այն է, որ չնայած ամբողջ տունն այրվեց, սակայն «Լացող տղայի» նկարին այդպես էլ ոչինչ չեղավ։ 

Արդյունքում տարիներ անց նկարի մասին պատմությունները շատացան։ Ամեն ինչ սկսվեց «The Sun» ամսագրի համարներից մեկից, որտեղ Ռոտերեմում ապրող ամուսնական մի զույգ պատմում էր, որ նկարի կրկնօրինակը ունենալուց հետո նրանց տունը հիմնովին այրվել է, իսկ կրակին դիմացել է միայն այդ նկարը, որին ոչինչ չի եղել։ 

Պատմությունից հետո շարքը ավելի առատացավ։ Հարյուրավոր մարդիկ պատմում էին, որ նույն պատմությունը կրկնվել է նաև իրենց տանը ու նորից չի այրվել միայն «Լացող Տղայի» նկարը։ Արդյունքում նկարի հետ կապված սարսափը ավելի տարածվեց ու ամրացավ։ Լարվածությունն այնքան մեծացավ, որ աշխարհի տարբեր երկրների բնակիչներ պարզապես խնդրեցին իրենց իշխանություններին վերացնել «Լացող տղա» նկարի բոլոր կրկնօրինակները։ Այդպես էլ արվեց։ 

Արդյունքում Բրունո Ամադիոն մնաց պատմության մեջ, որպես ամենաառեղծվածային նկարներից մեկի հեղինակ, ում ամենաճանաչված նկարը դժբախտություն բերեց բազմաթիվ ընտանիքների։ 

Դրանից հետո վարկածներ տարածվեցին, որ նկարի կրկնօրինակները պարզապես պատված են եղել հատուկ նյութով, որը չի այրվում կրակում, սակայն էզոթերիկները լրիվ այլ կարծիքի էին։ Նրանք վստահ էին, որ նկարն ուղղակի ներծծված է նկարչի հոգով։ Նրանք նշում էին, որ բոլոր նկարները նկարիչների կյանքից որևէ մասնիկ ունեն իրենց մեջ ու այս նկարը բացառություն չէ։ Այսպես, բազմաթիվ տների այրվելու ու զոհերի պատճառը ոչ այլ ինչ էր, քան նկարի լացող տղայի անեծքը։