Sinegon ընկերությունը տիրոջ պատվերով հաջողությամբ կլոնավորել է Գարլիկ անունով կատվին, որը մահացել էր դրանից 7 ամիս առաջ։ Սա առաջին դեպքը չէ, արդեն շների 40 տերեր նախկինում դիմել են նման ծառայության համար։

Գարլիկն առաջին կլոնավորված կատուն է Չինաստանում։ Նրա տերը՝ Խան Յուն ասում է, որ «կատուների միջեւ նմանությունը 90 տոկոսից ավելի է»։

«Երբ Գարլիկը մահացավ, ես շատ տխուր էի։ Ես չէի կարողանում դրա հետ հաշտվել, քանի որ մահը անսպասելի էր։ Ես մեղադրում էի ինձ, որ ժամանակին կատվին չեմ տարել անասնաբույժի մոտ, եւ դա հանգեցրեց նրա մահվանը»,- Խան Յուի խոսքերն է մեջբերում «Моя планета»-ն։

Տնային կենդանիների կլոնավորումը զարգացող ոլորտ է Չինաստանում, թեեւ պրոցեդուրան էժան չէ՝ 53 000 դոլար՝ շան, եւ 35 000 դոլար՝ կատվի համար։ Պատվիրում են հիմնականում երիտասարդները, որոնց համար դժվար է հաշտվել ընտանիքի անդամ դարձած կենդանու կորստի հետ։