Տղամարդուն գերելու համար ամենեւին էլ պարտադիր չէ 90-60-90 չափանիշներին համապատասխան կազմվածք ունենալ: Ուժասպառ անող վարժությունների եւ մարզանքների փոխարեն հարկավոր է սովորել սեթեւեթելու գաղտնիքները:
1. Հայացք
Հայացքի ուժը հսկայական է, սակայն մենք անխոհեմաբար դրան մեծ նշանակություն չենք տալիս: Բայց չէ՞ որ աչքերը ճշմարտացի տեղեկատվության հիմնական աղբյուրն են: Սեթեւեթելու ժամանակ անհրաժեշտ է նվազագույնը 7 վայրկյան տեսողական կապ պահպանել: Այնուհետեւ ճիշտ կլինի ժպտալ եւ հեռացնել հայացքը: Մեկ ժամվա ընթացքում այս հնարքից կարելի է օգտվել 5-10 անգամ:
2. Ժպիտ
Գայթակղելու գործընթացքում սա առաջին ջութակն է: Հոգեբանների կարծիքով, ժպիտը տղամարդուն զինաթափ է անում, իսկ կնոջը՝ գրավիչ դարձնում: Այն իր մեջ պարունակում է ե՛ւ ուրախություն, ե՛ւ անկեղծություն, ե՛ւ շիտակություն, ե՛ւ բարեկամություն: Հարկավոր է հնարավորինս շատ ժպտալ: Օրինակ վերցրեք գեյշաներից, ովքեր տղամարդու յուրաքանչյուր արտահայտությանն ի պատասխան ժպտում են՝ այդ կերպ ցուցադրելով իրենց հարգանքը:
3. Շուրթեր
Ալ գույնի խոնավ շուրթերը միշտ սեքսուալության եւ գայթակղության նշան են համարվել: Բայց եթե շրթներկ չեք սիրում, կարող եք շուրթերին մի փոքր մեղր կամ փայլ քսել: Խոսակցության ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնանում է աչքերին եւ բերանի շարժմանը, այդ պատճառով էլ շուրթերը պետք է ընդգծված լինեն:
4. Ոտքերը նստած դիրքում
Ենթագիտակցորեն տղամարդիկ միշտ ցանկանում են կնոջ մեջ տեսնել ավելին, քան նա թույլ է տալիս: Այդ պատճառով էլ կանանց ոտքերի «ոտքը ոտքին» դիրքը նրանց շատ է գրավում, հատկապես, եթե ոտքերին բարձրակրունկ կոշիկներ են:
5. Ոտքերը կանգնած դիրքում
Կարեւոր է նաեւ կանգնած ժամանակ խոսելու ընթացքում ոտնաթաթերի ճիշտ հեռավորությունը: Անհրաժեշտ է դրանք պահել շուրջ 15 սմ հեռավորությամբ. դրանից ավելի լայն կամ շատ մոտ չդնել: