Գերմանացի գիտնականները հայտնաբերել են դպրոցում երեխաների առաջադիմությունը բարձրացնելու բավականին պարզ եւ հասանելի միջոց: Ըստ School Effectiveness and School Improvement ամսագրում հրապարակված հոդվածի՝ երեխայի ուսման եւ մեծահասակ կյանքի հաջողությունների համար անհրաժեշտ է, որ ծնողները վաղ մանկական տարիքից նրանց համար գրքեր կարդան:

Հետազոտության շրջանակում գիտնականները շուրջ 10 տարի հետեւել են 200 երեխաների: Այսպես՝ 3-5 տարեկան փոքրիկների շրջանում տարբեր թեստեր են անցկացվել՝ մասնավորապես ուղղված ընթերցանության ունակությունների գնահատմանը, ինչպես նաեւ տրամաբանական եւ մաթեմատիկական խնդիրների լուծմանը: Դրանից բացի, փորձարկվողների ծնողները հայտնել են, թե որքան հաճախակի են իրենց ժառանգների համար գրքեր կարդում:

Կրկնակի թեստավորում է կատարվել, երբ երեխաները դարձել են 12-13 տարեկան: Պարզվել է, որ գրքերի համատեղ ընթերցանությունը, ինչպես նաեւ ընթերցանության եւ քերականության ունակությունները դրական են ազդել ուսման առաջադիմության վրա:

Բամբերգի համալսարանից Սիմոնա Լերլը նշում է, որ վաղ մանկական տարիքից լեզվական ունակությունների ձեռքբերումը դրական է անդրադառնում նաեւ մաթեմատիկայի ընդունակությունների վրա:

 

med.news.am