29-ամյա Անուկի Արեշիձեն եւ 41-ամյա Կախա Կալաձեն պսակադրվել են 6 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին հայտնում է վրացական HELLO-ն։ Հայտնի է, որ պսակադրության արարողությունից առաջ համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը կնքել է զույգի երկու ավագ երեխաներին։ Կախան եկեղեցի է եղել մոխրագույն կոստյումով, իսկ Անուկին՝ սեփական դիզայնով կարված սպիտակ զգեստով, որը բաց էր ուսերի հատվածում եւ մեջքի հատվածում զարդարված էր ժապավենակապով։

Հանդիսավոր արարողությունից հետո զույգն ընկերներին եւ մտերիմներին հավաքել է Radisson Collection Hotel-ի հինգաստղանի ռեստորանում, որը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ցինանդալի գյուղում։ Այնտեղ հեքիաթային ծաղկային ձեւավորում է եղել, եւ բացօթյա բանկետ է կազմակերպվել։ Հյուրերի շարքում են եղել բասկետբոլիստ, NBA-ի խաղացող Զազա Պաչուլիան կնոջ՝ Տիկո Ավալաձեի հետ, More is Love բուտիկի հիմնադիր Նինո Էլիավան, ֆուտբոլիստ Զուրաբ Խիզանիշվիլին կնոջ՝ մոդել Սալոմե Գվինիաշվիլիի հետ եւ այլք։

 

Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2017թ.-ի հոկտեմբերից, մինչ այդ եղել է էներգետիկայի նախարար։ Կախան վրացի միակ ֆուտբոլիստն է, որն իտալական «Միլան» ակումբի կազմում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։  

Արեշիձեն վրացի հայտնի դիզայներ է, Anouki հագուստի ապրանքանիշի հիմնադիրը, որի հավաքածուները ներկայացվել են Կիեւում, Թբիլիսիում, Փարիզում եւ Միլանում Նորաձեւության շաբաթների ընթացքում։ Անուկիի առաջին անձնական ցուցադրությանը մասնակցել է նույնիսկ Իրինա Շեյքը։

Կալաձեն եւ Արեշիձեն ամուսնացած են 2013թ.-ից, չորս երեխա ունեն՝ Լեւան, Կախաբեր, Վաչե եւ Նիկոլա։

 

style.news.am