Նիդեռլանդների բնակչուհի Նոա Պոտհովենը 17 տարեկան հասակում օգտվել է բժիշկների օգնությամբ կյանքից հեռանալու հնարավորությունից, որն օրինական է իր երկրում:
Հաղորդվում է, որ աղջկա մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, ընկճախտ և անորեքսիա է եղել այն պատճառով, որ մանուկ և դեռատի հասակում վերջինս սեռական բնույթի բռնության է ենթարկվել:
Բժիշկները նրան մահացու ներարկում են կատարել նրա 17-ամյակը լրանալուց երկու օր անց: Հենց այդ տարիքից է Նիդեռլանդներում թույլատրվում նման ծառայություն ստանալ առանց ծնողների թույլտվության:
Նոայի ծնողները տեղյակ չեն եղել նրա կայացրած որոշումից և ցնցվել են տեղեկանալով կատարվածի մասին: Աղջիկն իր սենյակում հրաժեշտի նամակներ է թողել հարազատների և ընկերների համար: Նա երկար տարիներ հոգեբուժարաններում է անցկացրել և 16 տարեկանում հեղինակել է «Հաղթել, թե սովորել» ինքնակենսագրական գիրքը:
Երկրի օրենսդրության համաձայն՝ էվթանազիան թույլատրվում է 12 տարեկանից բարձր երեխաներին, եթե բժիշկը հաստատում է, որ նրանց տառապանքները համատեղելի չեն կյանքի հետ: 2017-ին նման եղանակով կյանքից հեռացել է 6500 մարդ, որը երկրում գրանցված մահացության դեպքերի 4.5 տոկոսն է: