«Դատարանի որոշմամբ' «Շանթին» պետք է վճարեմ 12.5 մլն դրամ, որը չունեմ, տունս էլ կալանքի տակ է»։ «Շանթ» հեռուստաընկերությունը դատի է տվել X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանին։ Ավելի քան երկու տարի ձգված դատական գործընթացն ավարտվել է։ Դատարանը բավարարել է հեռուստաընկերության հայցը՝ բոլոր կետերով և Դավիթ Չախալյանին տուգանել 12.5 մլն դրամի չափով։
Tert.am Life-ը զրուցել է Դավիթ Չախալյանի հետ դատական գործընթացի, դժգոհությունների, տուգանքը վճարելու դժվարությունների և հետագա գործողությունների մասին։ Հարցում ենք ուղարկել նաև «Շանթ» հեռուստաընկերություն, որը կներկայացնենք ավելի ուշ։
Համաձայն մեղադրանքի' երգիչը խախտել է X Factor նախագծի շրջանակում կնքված պայմանագրի կետերը։ «Համաձայն այդ կետերի՝ ես իրավունք չունեմ առանց «Շանթ» Հ/Ը-ի համաձայնության որևէ կերպ օգտագործել իմ անունը, կատարողական ունակությունները, իրավունք չունեմ կնքելու որևէ պայմանագիր, մասնակցելու որևէ երաժշտական միջոցառման կամ մրցույթի, աշխատելու որպես երգիչ: Այսինքն' համաձայն այդ պայմանագրի' ստացվում է, որ ես իրավունք չունեմ առհասարակ հաց վաստակելու առանց հեռուստաընկերության համաձայնության»,- նշեց երաժիշտը։
Դավթի խոսքով' պայմանագիրը ստորագրելիս իր մտքով, անգամ, չի անցել, որ դեպքերը կարող են նման զարգացում ունենալ։ «Այդ պահին ես ուղղակի երգում էի իմ հանդիսատեսի համար, ցանկանում էի առավելագույնն անել ու լավագույնս ներկայանալ հանրությանը։ Իսկապես, նման ընթացքն ինձ համար անսպասելի էր, իհարկե, մրցույթ էր, և ես գիտեի, որ յուրաքանչյուրս ինչ-որ պահի կարող ենք լքել նախագիծը, բայց այն, որ դրանից հետո նման վերաբերմունք, առավել ևս' դատական գործընթաց կսկսվեր և ինձ կարող էին նման մասշտաբներով պատասխանատվության ենթարկել միայն նրա համար, որ ուզում եմ աշխատել սեփական մասնագիտությամբ՝ իրապես մտքովս չէր անցել»,- ասաց Դավիթը։
Դատարանի վճռով' Դավիթը պարտավորվում է վճարել 12,5 միլիոն դրամ տուգանք։ «Դատավորը բավարարել է «Շանթ» Հ/Ը-ի հայցը և արդյունքում, ես «Շանթ» Հ/Ը-ին պետք է վճարեմ 12,5 մլն դրամ գումար, բացի այդ, տունս այժմ գտնվում է կալանքի տակ։ Ես բավականին մեծ գումար էլ պետք է վճարեմ տունն ազատելու համար։ Չգիտեմ' ինչպես եմ վճարելու։ Իհարկե, համապատասխան ֆինանսական միջոցներ չունեմ, սակայն հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կկարողանամ դուրս գալ այս աբսուրդային իրավիճակից, եթե ոչ, ապա այս պահին, իսկապես, չեմ պատկերացնում ՝ ինչ եմ անելու»,- ասաց Դավիթը։
Վերջինիս փոխանցմամբ' ինքը հերքում է հիմնական մեղադրական կետերը՝ նշելով, որ իրենք դատարանում հակափաստարկներ են ներկայացրել մեղադրանքներին, թե ինքն ունեցել է մենահամերգ, մասնակցել է Van Music Awards մրցանակաբաշխությանը, մրցանակ է ստացել։
«Հիմնական մեղադրական կետերը եղել են, իբրև ես ունեցել եմ մենահամերգ, սակայն նման բան տեղի չի ունեցել (ըստ կատարողի' մենահամերգը չի կայացել, քանի որ հեռուստաընկերությունը մերժել է իրեն, հեղ.), մյուս կետն է, որ ես մասնակցել եմ Van Music Awards մրցանակաբաշխությանը, սակայն նման բան ևս չի եղել, ես մրցանակ չեմ ստացել, ես այնտեղ եղել եմ ընդամենը հյուրի կարգավիճակով իմ մարզչի՝ Շուշանիկ Արևշատյանի հրավերով, այսինքն' ես ընդամենը իմ ընկերոջ հրավերով առիթի եմ եղել, կարծում եմ' իրավունք ունեմ ցանկացած պահի գնալ ծնունդի, կնունքի կամ հարսանիքի։ Մյուս կետը, որ ես պայմանագիր եմ ունեցել այլ ակումբների հետ, նույնպես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես կոմերցիոն պայմանագիր չեմ կնքել»,- ասաց կատարողը։
«Շանթ» Հ/Ը-ի հայցն ամբողջությամբ բավարարվել է դատարանի կողմից, իսկ պատասխանող կողմից ներկայացված հակընդդեմ հայցը՝ նշված պայմանագիրն օրենքին հակասելու հիմքով անվավեր ճանաչելու վերաբերյալ՝ մերժվել է։
«Դատարանը գտել է, որ իմ աշխատելու, սեփական կամքով իրավունքներ և պարտականություններ ստանձնելու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները չեն սահմանափակվել: Դատարանի պնդմամբ' դրանք ոչ թե սահմանափակվել են, այլ ընդամենը, համաձայն պայմանագրի, ես պետք է թույլտվություն ստանայի «Շանթ» Հ/Ը-ից դրանք օգտագործելու համար, մինչդեռ մենք գտնում ենք, որ նման թույլտվություն ստանալու պարտականությունը ոչ այլ ինչ է, քան սահմանափակում։ Առհասարակ, ես դիմել եմ և ինձ մերժել են, խոսքը հենց այն մենահամերգին է վերաբերվում, որը չիրականացավ հենց վերջիններիս մերժմամբ»,- մեկնաբանեց Դավիթը՝ հավելելով, որ իր և «Շանթ» Հ/Ը պայմանագիրն ավարտվելու է 2019 թվականի աշնանը, այն կնքված է եղել 3 տարով։
Սկզբնաղբյուրը՝ tert.am