Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց իրականում դա այդպես չէ։ Մարիամ Փաշինյանը 20 տարեկան է: Նրա հետ զրույցից հետո կրկին համոզվում ես, որ հրաշալի է երիտասարդ լինելը, հրաշալի է երազանքներ ունենալն ու դրանց հավատալը: Մարիամը կարողանում է վարակել իր լավատեսությամբ, էներգիայով, երիտասարդությամբ ու վստահությամբ: Նա իսկական նոր ժամանակների աղջիկ է:
Նա համարձակ է, չի վախենում այլ կերպ մտածել ու կարծրատիպեր կոտրել: Բարեբախտաբար, կենդանի, անմիջական զրույց Մարիամն էլ է սիրում և, չարդարացան իմ մտավախությունները, թե ինձանից նախ հարցաշարը կուզեն, ապա՝ պատասխանները կուղարկեն մեյլով: Մարիամը հաճույքով համաձայնեց հանդիպել, զրուցել և ֆոտոշարք իրականացնել: Wnews.am-ի նոր հերոսուհին ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն է:
-Ինչպե՞ս է սկսվում ձեր օրը : Ինչո՞վ է այն սովորաբար հագեցած լինում :
-Շաբաթվա երեք օրը սկսում եմ մարզասրահ այցելելով, ստաբիլ մարզվելը լավ է ոչ միայն մարմնի, այլև` մտքի առողջության համար, երբեմն մարդիկ մտածում են, թե գնում ես մարզասրահ միայն նիհարելու համար, բայց ես, օրինակ, գնում եմ ինձ առողջ, ուժեղ զգալու և միտքս անընդհատ թարմ պահելու համար: Սովորաբար առավոտներս սկսվում են սուրճով, ես այն մարդկանցից եմ, ում օրը սկսելու , ժպտալու , գործելու համար անպայման սուրճ է հարկավոր: Շատ եմ սիրում վաղ արթնանալ, օրվա իմ ամենասիրելի հատվածը հենց առավոտն է, բայց ստեղծագործական մտքերը, գաղափարները գալիս են գիշերը:
Ավելի լավ եմ գիշերը մտածում, աշխատում: Օրս սիրում եմ հագեցնել լավ գրքերով , լավ մարդկանցով: Լավ մարդիկ ամենակարևոր նախապայմանն են, օրը լավը դարձնելու համար: Բոլորս էլ օրվա ընթացքում կարող ենք ինչ որ խնդիրների բախվել , բայց մեզ շրջապատող մարդիկ օգնում են դրանք հաղթահարել և թեթև նայել իրավիճակին: Ես սիրում եմ շատ ծիծաղել ու անգամ դժվար իրավիճակների դեպքում հաճախ ծիծաղում եմ և առաջ անցնում:
-Վերջին մեկ տարում մեծ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի կյանքում, ինչպե՞ս են այդ փոփոխությունները ազդել ձեր կյանքի, առօրյայի վրա:
-Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես նախկինի նման շարունակում եմ իմ կյանքով ապրել, խնդիրները հեշտությամբ կարգավորել, բայց իրականում դա այդպես չէ: Այս տարին ինձ համար շատ դժվար էր: Մենք քաղաքական պատճառներով դժվարություններ էլի ենք ունեցել, բայց վերջին մեկ տարում մի իրավիճակ ստեղծվեց, որին ես դեռ պատրաստ չէի:
Ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել եմ, այն է, որ ընդունել եմ դժվարությունները ու այն փաստը, որ այսուհետ հայտնվելու եմ տարբեր խոսակցությունների կենտրոնում: Ընդունել եմ և փորձել եմ հարմարավել այդ փաստի հետ, հասկացել եմ, որ չեմ կարող ամեն ինչ վերահսկել: Եթե խոսենք տեխնիկական ու առօրյա դժվարությունների մասին դա նոր միջավայրում բնակվելն է, առօրյա կյանքում տիրում է պետական մթնոլորտը՝ օրենքներ, կաննոներ, կարգ: Առօրյա փոփոխություններից 7 օր 24 ժամ անվտանգություն ունենալն է, սա մի բան է, որին հարմարավելը ամենահեշտը չէ:
-Այսինքն այդ օրենքները խանգարո՞ւմ են ձեզ:
-Դրանք ավելի շատ չգրված օրենքներ են: Ես անում եմ բաներ, որոնք նախկինում չեն արել և դա զարմանալի է թվում շատերին: Թե ինչ կարելի է հագնել, ինչ չի կարելի, փողոցում ինչպես քայլել, ինչ անել, որ մարդիկ սխալ չհասկանան քեզ: Հատկապես աղջիկների դեպքում շատ են ճնշումները, սահմանափակումները, խոսքը բարոյական նորմերի մասին չէ, այլ երբ ասում են «դու աղջիկ ես, կարծիքդ թուլացրու, ուժեղ էր», «դու աղջիկ ես, ավելի հանդարտ եղիր»: Այս ամենը ես զգացել եմ նաև նախկինում , իմ հասակակից բոլոր աղջիկների շրջանում: Հասարակության ճնշումը սահմանափակում է աղջիկների միտքը ու թույլ չի տալիս ստեղծագործել, ինքնադրսևորվել, սա է պատճառը, որ մեզ մոտ աղջիկներն ավելի բարձր դիրք են զբաղեցնում գործազրկության և այլ ցուցանիշներում: Այս բոլոր փոփոխությունները, որ տեղի են ունեցել և այն իրավիճակը, որ կա իմ առօրյայում բավական ծավալուն է, և զգոն չլինելու դեպքում, կարող է խանգարել, որ դու գնաս այն ուղով, որով ի սկզբանե ուզում էիր անցնել:
Իմ ամենամեծ մարտահրավերը իմ երազանքների, նպատակների մասին ինքս ինձ հիշեցնելն է, և հասկանալը, որ ոչ մի իրավիճակ ու ոչ մի կարծիք չի կարող ավելի մեծ լինել քան իմ նպատակներն ու իմ երազանքներն են: Ես նաև կոչ եմ անում բոլոր երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին, որ ոչ մի իրավիճակ, ոչ մի կարծիք,ոչ մի խնդիր չի կարող լինել ավելի մեծ, քան ձեր երազանքները ու սա պետք է ամեն օր ինքներդ ձեզ հիշեցնեք : Օրվա վերջում դու ես պատասխանատու քո բաժին երջանկության ու հաջողության համար, ոչ թե ընկերներդ, ընտանիքդ կամ հասարակությունը: Գիտեմ, որ շատ է մեր հասարակության մեջ այս խնդիրը: Այսօր 25 տարեկան աղջկա մայրը կարող է նրան ասել մութը ընկել է՝ տուն գնա; Դա ինձ անհանգստացնող խնդիր է, որը հուսով եմ ժամանակի ընթացքում կլուծվի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։