Ամերիկյան HBO հեռուստաալիքի նկարահանած «Գահերի խաղ» կուլտային սերիալի գլխավոր աստղերից մեկը՝ Էմիլիա Քլարքը, պատմել է՝ ինչպես է նախապատրաստվել էպիկական հաղթանակի կապակցությամբ ունեցած ելույթին: Այս մասին գրում է Tert․am-ը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, 32-ամյա դերասանուհին, որը 2011թ. ի վեր հեռարձակվող և այս տարվա մայիսի 19-ին ավարտված հեռուստասերիալում մարմնավորում էր Դեյեներիս Թարգարիենին, խոստովանել է, որ կարևոր ելույթին նախապատրաստվելիս ուսումնասիրել է Ադոլֆ Հիտլերի և այլ բռնապետերի ելույթները:
«Օտար լեզվով ելույթն ունենալուց առաջ ես բազմաթիվ տեսանյութեր եմ դիտել բռնապետերի և հզոր առաջնորդների մասնակցությամբ, որպեսզի պարզեմ՝ արդյոք կկարողանամ առանց լեզվին տիրապետելու հասկանալ ինչի մասին են նրանք խոսում: Եվ պարզվեց, որ դա հնարավոր է: Դու միանշանակ կարող ես հասկանալ՝ ինչ է Հիտլերը, գրողը տանի, ասում: Ես հավատացած էի, որ եթե ինքս հավատամ արտաբերածս յուրաքանչյուր բառին, հեռուստադիտողը թարգմանությանը շատ նայելու անհրաժեշտություն չի ունենա»,-ասել է Քլարքը:
Նա նաև մանրամասնել է, որ երկար ելույթն անգիր սովորելու համար իրենից երկու ամիս է պահանջվել:
«Իսկ հետո տեղի ունեցավ անսպասելին. դուրս եկա նկարահանման հրապարակ և առաջին փորձից ամեն ինչ ճիշտ արեցի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ «Գահերի խաղ»-ը դարձել է HBO-ի պատմության մեջ ամենաթանկարժեք նախագիծը: