Շատ զույգեր, ովքեր փորձում են երեխա ունենալ, ստիպված են լինում անցնել տարբեր ինվազիվ (օրգանիզմում միջամտություն պահանջող) հետազոտություններ և քննություններ: Այդ պատճառով նրանց համար դժվար է լինում ընկալել իրենց մարմինն այնպես, ինչպես նախկինում:
Բացի այդ, շատ զույգեր հետևում են հիմքային ջերմաստիճանի գրաֆիկին և օգտագործում ձվազատման որոշման թեստեր, որոնք ցույց են տալիս, երբ օրգանիզմում տեղի է ունենում լյուտեինիզացնող հորմոնի (ԼՀ) կամ էստրոգենի մակարդակի բարձրացում: Դա լինում է անմիջապես ձվազատումից առաջ: Այսպիսով, այդ թեստերն օգնում են բեղմնավորման նպատակով սեռական հարաբերության համար առավել օպտիմալ ժամանակ ընտրել: Այդ ամենը կարող է սեքսը վերածել ձանձրալի պարտականության, որը զուգընկերները հարկադրված են կատարել նույնիսկ երբ ցանկություն չկա:
Ցավոք, եթե ժամանակն անցնում է, իսկ հղիանալ չի հաջողվում, սիրով զբաղվելն սկսում է ասոցացվել միայն բեղմնավորման անհաջող փորձերի հետ:
Նման շարժումը փակ շրջանով լավ հայտնի է բեղմնավորման խնդիրներով զբաղվող մասնագետներին: Նրանք խորհուրդ չեն տալիս սիրով զբաղվել ըստ ձվազատման գրաֆիկի, քանի որ դա դառնում է սթրեսի պատճառ: Ցանկացած սթրես վատ է անդրադառնում զույգի հարաբերությունների վրա՝ ներառյալ սեռական կյանքը. կարող է կորել ցանկությունը, իսկ սիրով զբաղվելը՝ դառնալ հազվադեպ: Ինչը, բնականաբար, չի նպաստում հաջող բեղմնավորմանը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մշտապես հիմքային ջերմաստիճանի գրաֆիկին հետևելը և ձվազատման թեստերի օգտագործումը չեն մեծացնում բեղմնավորման հնարավորությունները: Ջերմաստիճանային գրաֆիկը կարող է շատ կարևոր տեղեկությունտալ ձեր դաշտանային ցիկլի տևողության և այն մասին, թե որքան կանոնավոր է ձեզ մոտ տեղի ունենում ձվազատումը: Սակայն երբ խոսքը գնում է բեղմնավորման համար ժամանակ ընտրելու մասին, ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա դրանցից չօգտվել:
Ընդհակառակը, որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս սիրով զբաղվել ցիկլի «անվտանգ օրերին», երբ ձեր ուշադրությունը կենտրոնացած չէ բեղմնավորման վրա: Յուրաքանչյուր ամիս կա ընդամենը մի քանի օր, երբ դուք կարող եք հղիանալ: Այդ պատճառով մնացած ժամանակ դուք կարող եք պարզապես հաճույք ստանալ ձեր մերձեցումից: Վերադարձեք նրան, ինչը նախկինում ձեզ ուրախություն էր պարգևում, լինի դա երկար համբույրներ, մերսում թե դերային խաղեր: Ձեր հարաբերություններին ռոմանտիկա կարող է հաղորդել սովորական ընթրիքը մոմերի լույսի ներքո կամ հանգստյան օրերին միասին ուղևորությունն ինչ-որ տեղ: Այս բոլոր պարզ մանրուքները ձեզ կօգնեն նորից մտերմանալ:
Զույգերի մեծամասնությունը, որոնք ցանկանում են երեխա ուենալ և կանոնավոր սեռական կյանք են վարում, հղիանում են մեկ տարվա ընթացքում: Շեշտը պետք է դնել հենց կանոնավորության վրա, քանի որ դաշտանային ցիկլի ընթացքում յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ սիրով զբաղվելը երաշխավորում է, որ սերմնահեղուկն առկա է կնոջ օրգանիզմում, երբ էլ որ նրա մոտ ձվազատում տեղի ունենա: Այդ փաստի պարզ գիտակցումը ձեզ թույլ կտա չկենտրոնանալ «հաջող օրերի» հաշվարկի վրա և կօգնի վերադարձնել որոշակի հանկարծակիություն, իսկ դրա հետ միասին նաև ուրախություն ձեր ինտիմ հարաբերություններին:
Հոդվածի աղբյուրը՝ babycenter.ru Թարգմանությունը՝ sotskiy.am