Իսկ կարո՞ղ ես մեքենա նորոգել, եթե երկար եղունգներ ու գեղեցիկ սանրվածք ունես: Այս կինը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Նա ոչ միայն ավտոմեքենաների դիագնոստիկայի մասնագետ է, այլ նաև հարսանեկան սրահի տեր:
Հայաստանը բոլորին զարմացնում է նախևառաջ իր բնակիչներով: Այստեղ կանայք գեղեցիկ են, խնամված, հիանալի տանտիրուհիներ են, հոգատար մայրեր ու կանայք: Նրանք նաև կարողանում են մեքենա նորոգել:
Երկար խնամված եղունգներ, թեթև ցերեկային դիմահարդարում և գեղեցիկ սանրվածք: Առաջին հայացքից թվում է` անսովոր ոչինչ չկա: Հայաստանում գրեթե բոլոր կանայք այդպիսի տեսք ունեն: Սակայն Էվելինա Մարկոսյանի դեպքում ամեն ինչ այլ է: Նա Հայաստանում միակ կինն է, որը զբաղվում է ավտոմեքենաների դիագնոստիկայով:
Գեղեցկություն ու շարժիչներ
Էվելինայի հետ ծանոթացա իր աշխատավայրում, որտեղ մեքենայի շարժիչի ծածկոցը (капот) բացել և պարզում էր շարժիչի խափանման պատճառը: Ողջունեցինք: Առաջին բանը, որ աչքիս ընկավ, երկար, խնամված եղունգներն էին:
-Ձեզ հարմա՞ր է նման եղունգներով մեքենաներ նորոգել, – հարցրի ես:
-Իհարկե, – պատասխանեց Էվելինան,- կինը մի՛շտ պետք է խնամված տեսք ունենա:
Այն կարծրատիպը, որ ավտոսրահում մեր դիմաց պետք ելներ կոշտացած ու շարժիչի յուղից սևացած ձեռքերով կին, ջարդուփշուր եղավ:
Էվելինան 35 տարեկան է: Մասնագիտությամբ ծրագրավորող է, ավարտել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը: 2005թ–ից աշխատում է ավտոսպասարկման ընկերությունում: Սկսել է որպես վաճառքի մասնագետ, հետո գլխավորել է վաճառքի բաժինը, այնուհետև սկսել է ղեկավարել սպասարկման ծառայությունը: Այժմ Էվելինան ձեռնարկության կոմերցիոն տնօրենն է և զբաղվում է ավտոմեքենաների դիագնոստիկայով:
Ավտոմեխանիկի արտահագուստով
էվելինան պատմում է, որ պատահաբար է գնացել ավտոսրահ: Աշխատանք են առաջարկել, ինքն էլ չի հրաժարվել, քանի որ ավտոմեքենաներ սիրել է մանկուց:
«Այդ պահին ես տարբերում էի միայն ավտոմեքենաների մակնիշները: Բայց գլուխ էի հանում էլեկտրոնիկայից և մեխանիկայից», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Էվելինան:
Վեց տարի առաջ էր, երբ նորոգեց առաջին մեքենան: Հետո ստացվեց այնպես, որ ավտոսրահը մնաց առանց ավտոէլեկտրիկի: Եվ հենց այդ ժամանակ բերեցին մի մեքենա, որը երաշխիքային սպասարկման մեջ էր և շտապ նորոգելու կարիք ուներ: Էվելինան գործի անցավ և կարողացավ լուծել բոլոր հարցերը:
Դեպք է եղել, երբ Էվելինան վերանորոգել է հաճախորդի ավտոմեքենան, իսկ նա այդ մեքենայով գնացել է Վոլգոգրադ: Բայց հետո դեռ երկար զանգել ու խորհրդակցել է, թե ինչպես կարելի է լուծել այս կամ այն խնդիրը: Եվ նույնիսկ վարորդ ընկերներին տվել է Էվելինայի հեռախոսահամարը` խորհուրդ տալով դիմել նրան՝ որպես ավտոմեքենաների վերանորոգման լավ մասնագետի:
Տղամարդիկ զարմանում են
Էվելինայի առավոտը սկսվում է անցած օրվա փաստաթղթերը նայելով. ինչ մեքենաներ են բերվել նորոգման, ինչն են նորոգել, ինչ պետք է դեռ անել: Հետո 12 տղամարդկանցից և մեկ կնոջից կազմված թիմը խորհրդակցության է հավաքվում: Էվելինան ասում է, որ տղամարդ գործընկերները լիովին նորմալ են վերաբերվում իր խորհուրդներին:
«Եթե ինչ-որ բարդ իրավիճակ է լինում, մեքենայի հետ կապված խնդիր, սկսում ենք քննարկել, խորհրդակցել, որպեսզի և՛ մարդու վրա թանկ չնստի, և՛ խնդիրը լուծենք», – ասում է Էվելինան:
Նա խոստովանում է, որ հաճախորդները զարմանում են, երբ տեսնում են` սրահում նրանց խորհուրդներ է տալիս կինը: Բայց հետո հարմարվում են և կարող են նույնիսկ կեսգիշերին զանգահարել և խորհուրդ հարցնել:
Աշխատանքից հետո
Իսկ աշխատանքից հետո Էվելինան գնում է այլ աշխատանքի: Նա մանկուց երազել է դիզայներ դառնալ, և վերջերս նրան հաջողվել է կյանքի կոչել իր երազանքը. հարսանեկան զգեստների սրահ է բացել:
«Ավտոսերվիսից հետո, որտեղ շուրջբոլորը յուղ է, պահեստամասեր, մեքենաներ, գնում եմ այնտեղ, ուր ամեն ինչ գեղեցիկ է, սպիտակ, մաքուր», – ասում է Էվելինան:
Այնտեղ արդեն բոլորովին այլ աշխարհ է, թեև երկու վայրում էլ նա իրեն հարմարավետ է զգում:
Էվելինան դեմ է գենդերային կարծրատիպերին և վստահ, որ կինը մեծ ցանկության դեպքում կարող է ամեն ինչ անել. նրա համար արգելքներ չկան: Նա խորհուրդ է տալիս չվախենալ անել այն, ինչ հրամայում է սիրտը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am