Վերջին շրջանում ռուսական մամուլում ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը Եգոր Կրիդ-Տիմատի հակամարտությունն է։ Պայմանագրի ավարտից հետո նրանք համաձայնության չեն գալիս նոր պայմանների վերաբերյալ, իսկ պայմանագիրը չերկարացնելու դեպքում կռվախնձոր էր դարձել «Կրիդ» բեմական անունը։ Black Star ապրանքանիշի գլխավոր տնօրեն Պաշուն ավելի վաղ ռուս բլոգեր Սերգեյ Կասենկոյի հետ զրույցում հաստատել էր, որ Եգոր Կրիդն այլևս չի հանդիսանում երաժշտական ստուդիայի անդամ, իսկ «Կրիդ» անվան հեղինակային իրավունքը պատկանում է իրենց։

Այժմ հայտնի են դարձել մանրամասնել կատարողի՝ Black Star-ը լքելու վերաբերյալ։ Տիմատի–Եգոր Կրիդ հակամարտությունն այս փուլում ավարտվել է։ Super.ru-ն հայտնում է, որ լեյբլի գլխավոր տնօրենը Youtube-ում տեսանյութ է հրապարակել, որում հաստատել է՝ Եգորն արդեն ազատ արտիստ է, սակայն ամենակարևոր նորությունը երկրպագուների համար այն է, որ սիրելի արտիստը պահպանելու է բեմական «Կրիդ» անունն ու շարունակելու է ստեղծագործել հենց այդ անվամբ։ Թե ինչպես են կողմերը եկել այս համաձայնությանը, մանրամասներ չեն ներկայացվել։

 

Մի հարց, այնուամենայնիվ, երկրպագուների համար մնացել է անպատասխան՝ Կրիդը կպահպանի՞ արդեն հայտնի երգերի, տեսահոլովակների և Black Star-ի արտադրանքը համարվող ստեղծագործությունների  հեղինակային իրավունքները, թե՞ ոչ։

Հետաքրքրականն այն է, որ ընդամենը ժամեր անց Պաշուի հրապարակած տեսանյութը հեռացվել է Youtube-ից։ Սակայն երիտասարդ արտիստի երկրպագուները հասցրել են բեռնել հոլովակը և տարածել Կրիդի ֆան էջերում։ Ինքը` Եգորը, թեմային չի անդրադարձել։

life.tert.am