Մեգան Մարքլը և արքայազն Հարին օրերս հայտարարել են, որ չեն պատրաստվում երեխային գրկած լուսանկարվել ծննդատան մուտքի մոտ և, ընդհանրապես, մտադիր չեն միանգամից հանրությանը տեղեկացնել իրենց առաջնեկի ծննդյան մասին՝ ցանկանալով սկզբում այդ իրադարձությունը տոնել ընտանեկան նեղ շրջանում: Միայն մի քանի օր անց նրանք այդ մասին կհայտարարեն հրապարակայնորեն և ցույց կտան պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից արված ֆոտոշարքը:
Այժմ բրիտանական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Մեգանը հոլիվուդյան հայտնիների օրինակով պատրաստվում է նորածնի հետ իր լուսանկարը տեղադրել Vogue գլամուրային ամսագրի շապիկին և արդեն այդ հարցով բանակցություններ է վարում: Սասեքսի դքսուհին ցանկանում է պրոֆեսիոնալ ֆոտոշարք նկարահանել իր տանը՝ Ֆրոգմոր հաուսում, երբ կվերականգնվի ծննդաբերությունից հետո և պատրաստ կլինի նկարահանումներին: Նշվում է, որ նախկին դերասանուհին իբր ցանկանում է իր առաջնեկի լույս աշխարհ գալը թագավորական ընտանիքի անդամի համար որքան հնարավոր է ոչ ավանդական դարձնել:
Ըստ Daily Express-ի՝ այս փաստը զայրացրել է Եղիսաբեթ II թագուհուն: Նա արդեն հայտնել է իր թոռան կնոջը, որ կտրականապես դեմ է այդ գաղափարին:
Այնուամենայնիվ, Սասեքսի դքսի և դքսուհու ներկայացուցիչները չեն հաստատում այս տեղեկությունները: