Asekose.am-ի զրուցակիցն է «Աիդա Մելքոնյան» ստուդիոյի հիմնադիր- տնօրեն, ոճաբան Աիդա Մելքոնյանը, ով մեզ հետ կիսվեց դիմահարդարման այսօրվա շուկայի, իր սրահի տարբերվող լինելու, առողջ մրցակցության մասին և ոչ միայն։

 

Այսօր մեկը մյուսի հետևից ստեղծվում են դիմահարդարման սրահներ, իսկդիմահարդարների թիվը գնալով ավելանում է: Դուք ունեք տարիների փորձ, կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս պետք է հաճախորդը տարանջատի պրոֆեսիոնալին ոչ պրոֆեսիոնալից, հասկանա, թե որ դիմահարդարին ընտրի:

Շատ դիպուկ հարց եք տալիս, և կարծում եմ, որ շատերն են ցանկանում ստանալ այս հարցի պատասխանը: Այսօր Հայաստանում այս շուկան բավականին փոքր է, իսկ մեր առաջարկները՝ շատ: Այսօր շատերն են զբաղվում դիմահարդարմամբ, բայց պետք է նշեմ, որ այն մասնագետները, ովքեր այսօր դոմինանտ են շուկայում, դոմինանտ էին նաև շատ տարիներ առաջ: Նրանք մինչ այսօր պահպանել են իրենց կարգավիճակը, հնարավորությունները: Իսկ այդ անունը ձեռք է բերվում շատ աշխատելու և, իհարկե, ինքնակատարելագործվելու շնորհիվ: Այս ամենին կողքից նայելով ՝ շատ մարդիկ մտածում են, որ այն բավականին հեշտ աշխատանք և ճանապարհ է: Վերոնշյալ դիմահարդարներն ունեն մեծ փորձ, և արդեն հաճախորդներն իրենք են որոշում որ մասնագետին ընտրել՝ տարիների աշխատանքային փորձ ունեցող, լավ տեխնիկայի տիրապետող և լավ նյութերով աշխատող մասնագետի մոտ, թե սկսնակ մասնագետի, ով ավելի մատչելի է աշխատում: Այսօր սոցիալական ցանցերը շատ մեծ դեր են խաղում և կարողանում են հաճախորդին օգնել ճիշտ ընտրություն կայացնել՝ ըստ տեղադրված լուսանկարների: Այսօր սոցիալական ցանցերի վրա հատուկ աշխատանք է տարվում, քանի որ աշխատանքի ընդհանուր պատկերը տեղադրված լուսանկարներից է երևում:

Ինչո՞վ է տարբերվում Ձեր սրահը, և ինչո՞վ եք տարբերվում մյուս դիմահարդարներից Դուք ինքերդ:

Ես ինքս շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր հաճախորդներն իրենց կարևոր և հարմարավետ զգան մեր սրահում: Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովենք սպասարկման բարձր մակարդակը: Սա շատ կարևոր նախապայման է, քանի որ կարող ես անել շատ լավ աշխատանք, սակայն վերաբերմունքի մի փոքր թերացման պատճառով կորցնել հաճախորդիդ վստահությունը և ինչու չէ՝ նաև տրամադրությունը: 13 տարի ես այս ոլորտում եմ, 13 տարի ունեմ իմ մշտական հաճախորդների բանակը, որի համար անչափ շնորհակալ եմ, քանի որ նրանց շնորհիվ եմ ես այսօր հասել այս կետին: Յուրաքանչյուրին պետք է ցուցաբերել անհատական վերաբերմունք, քանի որ անձը ընտրելով մեզ պետք է գտնի իրեն: Մեր առաքելությունն եմ համարում օգնել մեր հաճախորդին՝ վեր հանել իր մեջ եղած ողջ գեղեցկությունը, որպեսզի վերջինս վստահ ներկայանա հանրությանը: Պետք է նշեմ նաև, որ հաճախորդն ինձ ընտրում է նաև, քանի որ ես մինիմալիստ եմ դիմահարդարման ոլորտում: Ես սիրում եմ ամեն ինչ օգտագործել, սակայն միաժամանակ ամեն բան պահել չափի մեջ: Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ ընկերներ, ովքեր ի սկզբանե եկել են ինձ մոտ որպես հաճախորդ: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունեք, ինչն ինձ համար մեծ ձեռքբերում է:

Շատ եմ կարևորում նաև մեր ստուդիոյում աշխատող մասնագետների պրոֆեսիոնալիզմը, վստահ կարող եմ ասել, որ նրանք բոլորն իրենց գործի հմուտ վարպետներ են:

Ամբողջությամբ՝ asekose.am