«Իսլամական պետության» ենթադրյալ մասնակից, Դաղստանի 20-ամյա բնակիչ Խիդիրնեբի Կազուեւը, ում մեղադրում են Ֆիլիպ Կիրկորովի համերգի ընթացքում տեռորիստական ակտի նախապատրաստության մեջ, հայտարարել է, որ փոփ արքայի սպանությունը պատվիրել է շոումեն Մաքսիմ Գալկինը։
Մեղադրյալի փաստաբան Իսրաֆիլ Գադադովը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ Կազուեւը հերքում է, թե ահաբեկչություն է նախապատրաստել։ Մարտի 4-ին մեղադրյալը հարցաքննության ընթացքում պատմել է, որ 2017թ.-ի սկզբին Մոսկվայում իրեն է մոտեցել Մաքսիմ Գալկինը, ով առաջարկել է Կիրկորովին սպանել 2 մլն ռուբլու դիմաց։ Կազուեւի կարծիքով՝ Գալկինը սպանությունը պատվիրել է Ալլա Պուգաչովայի հանդեպ խանդի պատճառով։ Մեղադրյալը համաձայնել է եւ 1 մլն ռուբլի կանխավճար ստացել, սակայն ավելի ուշ հրաժարվել է սպանություն կատարել՝ հաշվարկելով, որ դրանից կարող են մարդիկ տուժել։
Կազուեւն առաջարկել է հարցաքննել Կիրկորովին, Գալկինին եւ Պուգաչովային եւ նրանց մասնակցությամբ առերես հարցաքննություն անցկացնել, սակայն ներքին գործերի նախարարությունը մերժել է՝ նշելով, որ մեղադրյալն այդ կերպ ձգձգում է քննությունը։ Փաստաբանը հայտնել է, որ գլխավոր դատախազությանը կխնդրի գործը ներքին գործերի նախարարությունից փոխանցել Քննչական կոմիտե՝ Կազուեւի վարկածը ստուգելու նպատակով։
Մաքսիմ Գալկինը հրաժարվել է մեկնաբանել։ «Դա իմ թեման չեմ։ Ես ոչինչ չեմ մեկնաբանի»,– ասել է նա։
Հիշեցնենք՝ ըստ քննության վարկածի՝ 2016թ.-ի դեկտեմբերին մեղադրյալներ Խիդիրբենդի Կազուեւը, Գաբիբուլա Խալդուզովը եւ Սամիր Իբրաիմովը իսլամական կազմակերպություն են ստեղծել եւ նույն ժամանակաշրջանում որոշել տեռորիստական ակտ կատարել Ֆիլիպ Կիրկորովի համերգներից մեկի ժամանակ։ Բոլոր մասնակիցներն ավելի վաղ հերքել են իրենց մեղքը հանցագործության նախապատրաստության մեջ։
Նյութի աղբյուրը՝ news.am-ի։