Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:
Տեսաուղերձում Օրեյրոն մասնավորապես նշում է. «Բարև Երևան: Ինչպե՞ս եք: Ես Նատալյա Օրեյրոն եմ: Ցանկանում եմ ձեզ հրավիրել միասին տոնելու ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Ձեզ սպասվում է անմոռանալի շոու: Սպասում եմ բոլորիդ: Ուղարկում եմ ձեզ մեծ համբույր: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի»: Հավելենք, որ Օրեյրոն Երևան կբերի երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Նատալյա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում: