Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս շրջանում չի տեղափոխվի ռուսական ակումբ:
Նման կարծիք է հայտնել մարզական մեկնաբան Գենադի Օռլովը: «Լուրեր հայտնվեցին, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Զենիթ»: Ես փորձեցի իմ կապերով ճշտել այդ լուրը: Մխիթարյանը չի թաքցնում, որ կխաղա Ռուսաստանում, բայց ոչ հիմա, այլ մոտ 2 տարի անց: Նա կխաղա այն ակումբում, որի հետ համաձայնության կգա: Մխիթարյանը շատ ուժ է ծախսել, որպեսզի Անգլիայում հեղինակություն ձեռք բերի»,-ասել է Օռլովը:
Վերջին շրջանում միջազգային մի շարք ԶԼՄ-ները գրում են, որ Մխիթարյանը հնարավոր է կհեռանա «Արսենալ»-ից, եթե «զինագործները» պայմանագիր կնքեն «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ:
Այժմ Մխիթարյանը նոր-նոր սկսել է մարզումները վնասվածքից, սակայն վերջնականապես խաղադաշտում կլինի փետրվարին: