«Սև ուրբաթին» ամերիկացիները առցանց խանութներում ծախսել են 6.22 միլիարդ դոլար: Այդ օրը ԱՄՆ-ում օնլայն վաճառքը 2017թ.-ի համեմատ ավելացել է 23.6%-ով: Այսպիսով, 2018թ.-ին «սև ուրբաթը» երկրում օնլայն վաճառքի նոր առավելագույն ցուցանիշ է սահմանել: Այս մասին հաղորդել է CNBC-ն`վկայակոչելով Adobe Analytics-ի տվյալները, որը հետևում է ԱՄՆ-ի 100 ամենախոշոր օնլայն խանութներից 80-ի գործարքներին, ինչպիսիք են, օրինակ, Walmart-ն ու Amazon-ը:
Նշվում է, որ վաճառողները կարողացել են հասնել նման ֆինանսական արդյունքների ի շնորհիվ նրա, որ վաճառքը սկսել են հինգշաբթի, նոյեմբերի 22-ին, երբ երկրում նշվում էր Գոհաբանության օրը: Այդ օրվա ընթացքում օնլայն խանութները վաճառել են 28% ավելի շատ ապրանքներ, քան մեկ տարի առաջ՝ 3.7 մլրդ դոլարի, այդ թվում նաև սմարթֆոններ՝ 1 մլրդ դոլարի: