ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում գտնվող Փերըդայս քաղաքն ամենաշատն է տուժել օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհներից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այն ամբողջությամբ այրվել է՝ վերածվելով «ուրվական» քաղաքի: Հայտնի է, որ կրակն այստեղ դարձել է 56 մարդու մահվան պատճառ, այն «կուլ է տվել» հազարավոր շինություններ ու այրել 505.000 ք/կմ մակերեսով տարածք:
Յութուբյան բլոգեր Դեն Ռայանը տեսանկարահանում է արել մոխրացած քաղաքում՝ ցույց տալով երբեմնի ծաղկող բնակավայի սոսկալի անկումը:
«Այնպիսի տպավորություն է, որ քաղաքում միջուկային զենք է օգտագործվել: Կրակն այստեղ ամեն ինչ կործանել է»,-նշել է բլոգերը:
Հայտնի է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Փերըդայս այցի ժամանակ նշել է, որ «սա իր տեսած տարերային աղետներից ամենասարսափելին է»:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում և հարավում մոլեգնած անտառային հրդեհների մասշտաբի մեծացմանը զուգահեռ ավելանում է նաև զոհերի թիվը՝ 48-ից հասնելով 58-ի: Զոհերից 56-ը գրանցվել են Փերըդայսում:
Առայժմ իշխանություններին հաջողվել է պարզել զոհերից 47-ի ինքնությունը: Հաղորդվում է նաև հարյուրավոր անհետ կորածների մասին, սակայն նրանց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ:
Սրանք Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենամահաբեր ու պատճառած նյութական վնասի չափով խոշորագույն անտառային հրդեհներն են, որոնք արդեն «կուլ են տվել» 8.650 տուն և 106 բնակելի շենք, մինչդեռ ավերված շինությունների ընդհանուր թիվը 10.321 է:
Նշվում է, որ հրդեհի տարածման դեմ պայքարում է մոտ 10.000 հրշեջ, որոնց օգնում են նաև հատուկ այդ նպատակով ազատ արձակված կալանավորները: