Նիկիտա Ջիգուրդան ուզում է դառնալ Մոսկվայի քաղաքապետ։ Սկանդալային համբավ ունեցող շոումենը հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում։
Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ Նիկիտան նկարահանել ու սոցցանցում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ պատմում է իր պոտենցիալ ընտրողների՝ այն մարդկանց մասին, որոնք, նրա կարծիքով, կգան ընտրատեղամաս ու կքվեարկեն նրա օգտին։
«Ջիգուրդիզմից» վնաս չի լինի։ Նիկիտա Ջիգուրդան Մոսկվայի քաղաքապետ է առաջադրվելու»,- գրել է դերասանը սոցցանցերում։
Ջիգուրդան համարում է, որ իր պոտենցիալ ընտրողները «միլիոնավոր մոսկվացի տղամարդիկ են, որոնց իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարված են։ Տղամարդիկ ասպետներ են, ջիգիթներ»։
Իսկ իսկական տղամարդիկ, Նիկիտայի խոսքով, չեն կարող ապրել առանց ձիու, այսինքն՝ առանց մեքենայի։ Ըստ Ջիգուրդայի՝ մեքենա վարողներին բառացիորեն «դուրս են մղել» մայրաքաղաքից հետիոտնային փողոցներով։ Ու նա հենց այդ կետն է մտադիր դարձնել իր նախընտրական ծրագրի առանցքային կետը։
«Մոսկվան իմ սիրուհին է»,- վերամբարձ հայտարարում է շոումենն ու հավելում, որ այլևս չի կարող հանդուրժել այն, ինչ տեղի է ունենում մոսկովյան փողոցներում։
«Ես գիտեմ, որ հաղթելու շանսերս շատ չեն, բայց ինչ-որ մեկը պետք է բարձրաձայնի այն, ինչի մասին խոսում են շատերը։ Ես մեր քաղաքում շատ անարդարություններ եմ տեսնում ու լավ պատկերացնում եմ, թե հանուն ում եմ ուզում ընտրություններին մասնակցել»,- հավաստիացնում է էպատաժային դերասանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները ծրագրված են սեպտեմբերի 9-ին։