Life.panorama.am-ը գրում է․

 

1915թ-ի ապրիլի 24-ը հայի պատմության մեջ անջնջելի հետք է թողել: Ճիշտ 103 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդը փոխեց պատմության անիվի ընթացքը, ու թեեւ արդեն մեկ դարից ավել է անցել, բայց մենք շարունակում ենք աշխարհին ստիպել հաշվի նստել մեր պատմության ու մեր ամենամեծ կորստի հետ:

 

Ամեն տարի այս օրը աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Շատերն են այսօր իրենց պարտքը համարում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ այդպիսով հարգել 1.5 միլիոն նահատակների հիշատակը:

 

Դերասան Ռաֆայել Երանոսյանը այսօր Ծիծեռնակաբերդ չի գնում, բայց, իր խոսքով, դրանով ոչ մի կերպ չի թուլանում այն ցավը, որն ինքն էլ է ապրում մյուս հայերի նման, հատկապես, որ իր հայրական կողմը եւս Արեւմտյան Հայաստանից է սերում:

 

«Այսօր ես չեմ գնում Ծիծեռնակաբերդ, բայց ասեմ, որ միայն այս օրը չեմ գնում, տարվա ընթացքում ես շատ-շատ եմ լինում այնտեղ: Էլ չասեմ, որ ամեն օր աշխատանքի գնալիս այդ կողմով եմ անցնում եւ պարտադիր խաչակնքվում եւ հիշում եմ նրանց հիշատակը: Երբ դրսից հյուրեր եմ ունենում, ես պարտադիր նրանց տանում եմ Ծիծեռնակաբերդ եւ պատմում մեր պատմության մասին: Գիտեք, ես կարծում եմ, որ միայն այսօր չէ, որ պետք է հիշել ու գնալ Հայոց զոհերի հուշահամալիր: Տարվա ընթացքում հաճախ պետք է լինել այնտեղ ու հասկանալ, գիտակցել դրա կարեւորությունը: Ես չեմ ընդունում, երբ այսօր այնտեղ կարող ենք տեսնել շատ-շատերի, ովքեր քսվել-դզվել են, ծամոնն էլ գցել են բերանն ու լվացքի մեքենայի արագությամբ ծամելով եւ հռհռալով գնում են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հավատացեք, այդ կերպ աշխարհին մենք չենք կարող համոզել, որ ընդունեն Հայոց ցեղասպանությունը: Անշուշտ, չեմ ասում, որ չպետք է գնալ այնտեղ, պարզապես գնալիս պետք է զսպվածություն ցուցաբերել, եւ ոչ էլ ասում եմ, որ պետք է պարտադիր սգալով ու արտասվելով քայլել դեպի հուշահամալիր, քանի որ այն, ինչ եղել է, դա արդեն պատմության գրկում է, իսկ պատմությունը պետք է հիշել, այլ ոչ թե անվերջ սգալ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց Ռաֆայել Երանոսյանը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։