Սովորաբար նկարիչները չեն սիրում խոսել, առավել ևս' գրել' պատճառաբանելով, թե իրենց միտքն ու խոսքը կտավին հանձնած ստեղծագործությունն է: Հասկանաս-չհասկանաս' քո խնդիրն է, քանի որ ավելորդ են հեղինակից բանավոր մեկնաբանություն պահանջելու ջանքերը: Մինչդեռ ծաղրանկարիչ ԱՐԶՕ-յի մտքում կայծակնային արագությամբ ոչ միայն պատկերներ են ծնվում և անմահանում, այլև նույն արագությամբ ծնունդ են առնում բանավոր ու գրավոր ասույթներ:
- Արզօ, ե՞րբ և ո՞ր դեպքում են երևույթը, առարկան և մարդն' առհասարկ դառնում հետաքրքրությանդ «առարկան»:
- Հիմնականում նկարում եմ գրեթե ամեն ինչ' ստեղծագործության մեջ ամփոփելով խոսքս, միտքս ու ասելիքիս գաղափարը: Ասեմ, որ տվյալ դեպքում ոչ թե ֆիգուրն է ինձ հուշում և ուղղորդում, թե ինչպես ներկայացնեմ, այլ ինքս եմ գտնում' բացահայտելո ւգաղտնիքները: Ասեմ, որ շատ դեպքերում ստեղծագործական մատիտս շատ անհայտների դարձրել է հայտնի' թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Պատահել է նաև, որ հասարակության առաջ իրենց թերությունները քողարկողները վայրկյանների ընթացքում կորցրել են «վաստակած» վարկանիշը: Սա է ծաղրանկարի' շատերի համար չբացահայտված հանելուկը: Ծաղրանկարի բազմաշերտ միտքն ու խոսքը շատ հզոր են, պարզապես այն հասկանալ է պետք, իսկ դրա համար մարդուց պահանջվում է ինտելեկտի հարուստ պաշար, քանի որ ծաղրանկարչությունը ինտելեկտուալ արվեստ է: Մի համեմատություն անեմ. օրինակ' շերտեր ունեցող խմորեղենը, որպես քաղցրավենիք, շատերի համար ոչ միայն համեղ է, այլև տեսքով գեղեցիկ, սակայն այդ խմորեղենի ամբողջական տեսքը թաքնված է նաև շերտերի մեջ: Մարդը նույնպես ունի իր շերտերը' չար կամ բարի, հանցագործ կամ հումանիստ, տաղանդավոր կամ ապաշնորհ: Հենց այդ շերտեր իգոյությունից ու դասավորությունից է կախված կերպարի մասին ձևավորված ասելիքդ' կդառնա՞ ծաղրանկարի հերոս, ծաղրանկարով կպատժե՞ս, թե՞ կգովես նրան: Հնարավոր է' մարդն իր ընտանիքի համար լինի կատարյալ, բայց ազգի համար' դավաճան և ծաղրանկարի միջոցով բացահայտված այս երկու տարբեր բևեռները դառնում են հերոսի իրական հայելին: Որպես ծաղրանկարիչ' ասեմ, որ մարդուն այլանդակում ու փչացնում է իր մարդ չլինելը. կյանքում հանդիպած բոլոր գայթակղություններում մարդ չպետք է մոռանա իր առաջնային կոչման' մարդ լինելու մասին: Մարդն իր էությամբ պետք է լինի գունեղ ու հետաքրքիր' այդ կերպ ապահովելով իր գրավչությունը:
- Խոսքումդ նշեցիր, որ ծաղրանկարիդ միջոցով անհայտը երբեմն դարձել է հայտնի, իսկ պատահե՞լ է մատիտդ մարդուն դարձնի նաև աստղ: Եվ քանի որ մեր իրականությունում «աստղային» որակումը բնորոշ է հատկապես շոու-բիզնեսի ոլորտին, այդ դեպքում մեր շոու-բիզնեսի ո՞ր «աստղերն» են ծնվել ստեղծագործական մատիտիդ հարվածից:
- Գուցե եղել է այդպիսի դեպք, և դրա մասին դեռ տեղյակ չեմ, բայց ասեմ, որ ինձ միշտ շրջապատում հարցնում են' չե՞ս վախենում ծաղրանկարներիցդ: Ասեմ, որ երբեք չեմ վախեցել աշխատանքիցս և շարունակելու եմ չվախենալ: Ինչ մնում է մարդու պատկերի արտացոլանքին, որ կատարվում է լուսանկարի, տեսախցիկի կամգեղանկարի ու ծաղրանկարի միջոցով. ասեմ, որ այս թվարկածներիցս ծաղրանկարը կարող է ավելի շատ ուշադրության հրավիրել ու հետաքրքրություն առաջացնել անձի հանդեպ: Ծաղրանկարը վկայում է այն մասին, որ հերոսը հատուկ ուշադրություն ու վերաբերմունքի է արժանանում նկարիչի կողմից, քանի որ մինչ նկարելը մասնագիտական աչքով ուսումնասիրում ես նրան' էությունը, արտաքինը, ներաշխարհը, վարքագիծը և այլն: Այսինքն' լրացուցիչ վերաբերմունք ես դրսևորում: Շատ է պատահել, որ որոշել եմ ինչ-որ մարդկանց նկարել' կոռեկտ չեմ համարում նշել նրանց անունները, և մտերիմներս ասել են' տվյալ մարդու համար շատ ճոխ կլինի, որ արժանանա քո ծաղրանկարին: Հավատացեք, հետագայում համոզվել եմ, որ ճիշտ խորհուրդ են տվել' փորձիցս եմ ասում: Չեմ կարող ասել քանիսն են իմ ծաղրանկարի միջոցով «աստղ» դարձել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ նրանք, ովքեր դարձել են ծաղրանկարներիս հերոսները, իրենց շրջապատի կողմից միշտ արժանացել են' «նկարդ Արզօ-ի ծաղրանկարով տեսել ենք» զարմացած արձագանքին:
Ասեմ, որ ծաղրանկարչությունը դաժան է' մարդուն բացահայտում է ոտքից գլուխ, իսկ լուսանկարը կոծկում է թերությունները, առավել ևս' ժամանակակից տեխնիկան տգեղին անթերի դարձնելու հարցում վարպետ է:
- Մեր շոու-բիզնեսի հայտնիներից ովքե՞ր են անմահացել Արզօ-ի ծաղրանկարով:
- Ժամանակին շատերին եմ նկարել, իսկ դա եղել է նախկինում հայկական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Սեկտոր պրո» հաղորդման ընթացքում: Հաղորդման ձևաչափն այնպիսին էր, որ լինում էին VIP հյուրեր, ովքեր հաղորդման վերջում արժանանում էին իրենց ծաղրանկարին: Օրինակ' այդ ժամանակ նկարել եմ երաժիշտ Արթուր Գրիգորյանին, ում ներկայացրել եմ որպես «աստղաբույծ», Ֆորշին, Նունե Եսայանին, Ռաֆայել Քոթանջյանին, Արա Գևորգյանին, Շուշան Պետրոսյանին, Աշոտ Ղազարյանին, Սոֆի Դևոյանին, մեր լեգենդար և իսկական աստղեր Արաքս Մանսուրյանին, Ջիվան Գասպարյանին, Արաքս Ոսկանյանին, Երվանդ Երզնկյանին և ուրիշներին: Այդ ընթացքում ոչ մի անգամ քննադատության չեմ արժանացել: Ստեղծագործելիս առհասարակ հավատարիմ եմ մի կարևոր սկզբունքի' երբեք անձնական վիրավորանք չհասցնեմ մարդուն և, փառք Աստծո,գործիս մեջ այդ հարցում երբեք տգետ չեմ եղել'անգամ այն դեպքում երբ ստեղծագործությանս հերոսն իր էությամբ անսահման տգետ է եղել:
- Ծաղրանկարչի աչքով ինչպիսի՞ն է մեր շոու-բիզնեսը:
- Շատ «խժբժ» վիճակ է, թացն ու չորը խառնվել են իրար: Կարող եմ ասել' ամոթալի վիճակ է: Ժամանակին Ստանիսլավսկին ասել է.«Կարողացեք սիրել արվեստը ձեր մեջ, ոչ թե ձեզ' արվեստում»: Ցավոք, մեր շոու-բիզնեսում այս իմաստուն խոսքի երկրորդ հատվածն է իշխում:
Ծաղրանկարելուց բացի, որով պատկերն եմ հանձնում թղթին, նաև կարողանում եմ միտքս ու խոսքս հանձնել թղթին. ունեմ հեղինակած ասույթներ: Քանի որ մեր շոու-բիզնեսի մակարդակի մասին է հարցը, ուզում եմ պատասխանս ամփոփել իմ մի ասույթով. «Մեր երկրի ժամանակավոր աստղերն իրենց աստղային հիվանդությամբ շոու- բիզնեսում ավելի շատ են, քան երկնքի հավերժ աստղերը' իրենց համաստեղությունում»: