Մեր հյուրասրահում մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանն է։ Նրա հետ զրուցեցինք Top model ԱՊՀ մրցույթից, այժմյան զբաղվածությունից, Ամանորի երազանքներից, մասնագիտական գործունեությունից և իհարկե՝ անձնական կյանքից։
-Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Top model ԱՊՀ մրցույթը, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր այն, ի՞նչ առավելություններ ու թերություններ ուներ։
-Նախ ասեմ, այն կազմակերպված էր բավականին լավ, ուզում եմ հատուկ շնորհավորել կազմակերպիչներին՝ նման գեղեցիկ արդյունք ստանալու համար։ Ես ևս աշխատում եմ նրանց հետ, դա բավականին հաճելի և իհարկե մշտական համագործակցություն է։ Կցանկանայի նաև, որ ներկայում Հայաստանում գործող այլ մոդելային կազմակերպությունները ևս կարողանային հասնել նմանատիպ արդյունքի՝ նաև միջազգային ասպարեզում։ Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ Հայաստանը ներկայացվում է ոչ պատշաճ կերպով։ Մեզ համար նաև մեծ պատիվ էր այն, որ Հայաստանը երկրորդ տեղում էր։
-Այս շրջանում յուրաքանչյուր երկրորդը խոսում է Ամանորի նախապատրաստական աշխատանքներից, ինչպե՞ս եք Դուք պատրաստվում եզրափակել տարին։
-Ամանորը շատ եմ սիրում։ Յուրաքանչյուր տարեմուտին ինքս ինձ համար վերլուծում եմ նախորդ տարին, դա օգնում է ավելի լավ ճանաչել մարդկանց, դասեր քաղել, ամփոփել կատարածս աշխատանքը և իհարկե բացել կյանքի նոր էջ։ Ամանորն այս տարի կանցկացնեմ Հայաստանից դուրս, նախկինում անցկացրել եմ ընտանիքիս հետ, բայց այս տարի որոշել եմ մենակ լինել։
-Ինչո՞վ է պայմանավորված տոնը մենակ անցկացնելու ցանկությունը։
-Երևի թէ՝ որովհետև չկա այնպիսի ընտրյալ, ում հետ կցանկանամ անցկացնել։ Ես մենակ եմ ու ազատ՝ ինչպես թռչունը երկնքում։
-Ի՞նչ երազանք եք պահելու Ամանորին։
-Չեմ պահելու։ Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ հավատամ Ձմեռ պապին, Ձյունանուշին, նամանավանդ, որ ես ինքս եմ Ձյունանուշի կերպար ներկայացնում թատրոնում (ժպտում է)։
-Ի՞նչ նորություններ իր հետ կբերի Նոր տարին։
-Նոր Տարում կբացեմ ինձ համար նոր էջ և, իհարկե, կփոխեմ որոշ բաներ թե՛ անձնական և թե՛ աշխատանքային։
-Նոր էջում հատկապես ինչի՞ց եք սկսելու։
-Անձնական կյանքից։ Բուռն անձնական կյանք եմ ուզում սիրելի անձնավորության հետ։ Ինձ միայն դա է հիմա գրավում։
-Ընտանի՞ք։
-Ընտանիք կազմելու մասին դեռևս չեմ մտածում, քանի որ դրան դեռևս պատրաստ չեմ։ Դա մեծ հասկացություն և պատասխանատվություն է, որից դեռևս խուսափում եմ։ Ես ինքս ռիսկային մարդ եմ, փոփոխություններ հաճախ եմ անում, բայց դա այդ հարցը չէ, դա շատ լուրջ և պատասխանատու որոշում է։
-Նախկինում նշել էիք, որ Ձեր կյանքում կա մեկը, ով լիովին լցնում է այն:
-Հիմա չկա․․․
-Ինչպիսին պետք է լինի տղամարդը, որպեսզի գրավի Ձեր սիրտը։
-Ազնիվ։ Ես ատում եմ այն տղամարդուն, ով կարող է օգտագործել կնոջ գեղեցկությունը։ Ես դա չեմ ընդունում։ Կնոջը պետք է սիրել իր էությամբ, այլ ոչ թե արտաքին տվյալներով։
-Գրավու՞մ են Ձեզ օտարազգի տղամարդիկ։
-Այո՛, չեմ բարձրաձայնել երբևէ, բայց ունեմ նաև նախընտրած ազգություն։ Հայերի մեջ կան անքաղաքավարության դրսևորումներ, որոնք չեմ ընդունում։ Հաճախ խոսել եմ այն բանից, որ իմ կողքին մարդ կա, կամ իմ սիրտը զբաղված է, բայց նշեմ, որ շատ հաճախ դա ասել եմ միայն նրա համար, որ ինձանից հնարավորինս հեռու մնան նմանատիպ մարդիկ։ Կարող եմ ասել, որ Հայաստանում չկա ինձ արժանի տղամարդ։
-Ամենամեծ հիասթափությունը, որ երբևէ եղել է անձնական կյանքում։
-Եղել է․․․ Չեմ ուզում խոսել այդ մասին։ Կարող եմ ասել, որ նաև դրանից է բխում իմ անվստահությունը մարդկանց հանդեպ։
-Դուք աշխատում եմ մի բնագավառում, որտեղ մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչպե՞ս եք դրան վերաբերվում։
-Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում։ Այո՛, ես սիրում եմ, երբ քայլելիս բոլոր տղամարդիկ ինձ են նայում։ Ինձ անչափ հաճելի է լինել բոլորի ուշադրության կենտրոնում և միաժամանակ անհասանելի բոլորի համար։ Ես պարզապես վայելում եմ ուշադրության կենտրոնում լինելու հաճույքը։
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձի կամ գործունեության շուրջ բացասական մեկնաբանություններին։
-Իմ շրջապատում եղել են մարդիկ, որոնք մեծապես նպաստել են իմ անվան շուրջ բացասական մեկնաբանություններին։ Այժմ ես փորձում եմ հնարավորինս հեռու լինել նմանատիպ մարդկանցից։
-Ո՞րն է եղել ամենաբացասական մեկնաբանությունը Ձեզ համար։
-Հարուստ ընկեր ունենալը։ Ես չունեմ ընկեր, չունեմ հովանավորներ։
-Մի ավանդական հարց, ինչպե՞ս եք վերաբերվում բաց, անկեղծ ֆոտոնկարահանումներին։
-Նորմալ։ Մոդելային կարիերան իրենից ներկայացնում է հենց այն ամբողջ գործունեության փունջը, ինչը կապ ունի այդ ասպարեզի հետ։ Հայաստանում այդ մշակույթն այդքան էլ զարգացած չէ։ Խոսելով այս թեմայից՝ կուզենայի բացել փակագծերն ու ասել, որ ունեմ նմանատիպ պայմանագիր և շուտով հանդես եմ գալու Հայաստանում նախադեպը չունեցող «բաց» ֆոտոշարքով։
-Կա կարծիք, որ նմանատիպ ֆոտոշարքերը ենթադրում են բավականին մեծ վարձատրություն։
-Այո՛, մերկ լուսանկարվելը և ամսագրի շապիկին հայտնվելը պայմանավորվում է նաև մեծ վարձատրություններով։ Դա ինձ համար նորմալ է, որովհետև ես մոդել եմ և ամեն ինչ անում եմ իմ աշխատանքի սահմաններում։
-Ասացիք, որ ռիսկային մարդ եք, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արձագանքներ կլինեն Հայաստանում։
-Իմանալով հայկական մտածելակերպը, կարծում եմ, որ շատ վատ։ Ես գիտակցելով գնում եմ այդ քայլին ու արդյունքները նույնպես պատկերացնում եմ։ Ես շատ լավ գիտեմ իմ արժանիքները և ինձ ոչ մի անտեղի մեկնաբանություն չի կարող ընկճել։ Ի վերջո՝ ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ սովորեցնում է։