ՀՀ Վաստակավոր արտիստուհի, երգչուհի Էմմա Պետրոսյանն այսօր նշում է ծննդյան 52-ամյակը, որի առիթով Life.panorama.am-ն անկեղծ զրույց է ունեցել նրա հետ:

 

Համարձակ եմ ապրում

Սիրում եմ լինել համարձակ ու ապրել յուրաքանչյուր տարիք՝ իր առավելություններով ու թերություններով: Իհարկե, միշտ էլ երիտասարդությունից հեռանալով՝ ափսոսանք ունենում ես, բայց երիտասարդությունը քո ներսում է: Դու այնքան ես, ինչքան ապրում է քո հոգին: Իմ կյանքում երեւի քիչ բան չեմ արել, բայց հույս ունեմ, որ ապագայում շատ ավելի անելիք ունեմ անելու: Ես այս երազանքով եմ ապրում: Ես դեռ թեւեր ունեմ ու պատրաստ եմ ճախրելով հասնել նոր հորիզոնների:

Կինը 50-ից հետո

Յուրաքանչյուր կին իր տեսլականն ունի այս հարցում:  Կան կանայք, որոնք 50-ից հետո ավելի տխուր ներաշխարհ են ունենում, կամ կարծում են, որ այդ տարիքում արդեն շատ բան է հետեւում մնացել, բայց ես այդպես չեմ ապրում: Արդեն երկու տարի է, ինչ ես 50-րդ տասնամյակում եմ, բայց դա ընդամենը թվային մի պատմություն է, որի վրա երբեք չեմ կենտրոնանում: Ես միշտ նորի զգացումով եմ ապրում եւ նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին: Ես ամեն անգամ նորովի եմ ստեղծագործում, ամեն անգամ նոր սիրով եմ սիրում ընտանիքիս անդամներին, հարազատներիս ու ընկերներիս. միշտ փորձում եմ հոգեպես առողջ լինել, իսկ դա ներքին խաղաղությունն է:

Իմ հաղթանակները

Հաղթանակների գիտակցումը տեսակի խնդիր է: Կարող ես լինել անբավարար մարդ եւ ունեցածդ հաղթանակները չարժեւորես: Կարծում եմ՝ ամեն ինչ մեր կյանքում հաղթանակներ են, որոնց համար ապրել ես ու շարունակում ես ապրել: Իմ հաղթանակներն են մեր ձայներիզները, համերգները, իմ հեղինակած երգերը, մեր ընտանիքը, մեր որդին, ընկերներս: Իմ հաղթանակն իմ գոյությունն է եւ այն տարիները, որոնք համարում եմ իմ ներաշխարհի վերարտադրությունը: Այն ամենն, ինչ ունեմ, միայն իմը չէ, ես թելերով շաղկապված եմ ինձ շրջապաողների հետ, ովքեր ինձ հետ միասին ստորագրել են իմ հաղթանակները:

 

 

Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում։