Ո՞ր երկրի հետ եք ասոցացնում թեյը: Ամենայն հավանականությամբ՝ Անգլիայի կամ Չինաստանի, որոնք պարծենում են իրենց թեյային ավանդույթներով ու ծիսակատարություններով: Թեյի իրական հայրենիքը հենց Չինաստանն է, որտեղ այն հնում օգտագործել են որպես դեղամիջոց, ապա՝ որպես ըմպելիք: Բոլոր երկրներից հենց Չինաստանում են հայտնաբերվել այս հրաշալի ըմպելիքի օգտագործման հնագույն հետքերը, հենց այդ պատճառով էլ երկիրը կարող ենք համարել թեյի առաջացման սկզբնաղբյուրը:

Չինական աղբյուրները հավաստում են, որ ըմպելիքքի աննկարագրելի համն ու հատկությունները հայտնաբերել է կայսր Շեն-Նունը մ.թ.ա. 2739 թ. երկրում ճամփորդության ժամանակ, երբ նրա ձեռքին գտնվող եռման ջրով լի տարրայի մեջ թեյի ծառից երկու տերև է պատահմամբ ընկել: Իհարկե, այս ամենն ավելին չէ, քան միֆ, սակայն պատմաբանները կարծում են, որ թեյը ողջ Չինաստանով մեկ տարածվել է 5-րդ դարում, իսկ որոշ շրջաններում էլ այն սկսել են օգտագործել դեռևս մեր թվարկության նախաշեմին: Այս բանի ապացույց հանդիսացավ չինական հնագույն արձանագրությունը, որն արվել է մ.թ.ա. 59 թվականին և պատմում է թեյ պատրաստելու գործընթացի մասին:

 

 

Սակայն չինացի հնէաբանների նոր գտածոն ցույց է տալիս, որ Չինաստանում թեյի ավանդույթներն էլ ավելի խորը ծագում ունեն՝ մ.թ.ա. 2-րդ դար հասնելով: Չինացի կայսր Լիու Կիի, որը Հան դնաստիայից էր և մահացել է մ.թ.ա. 141 թ., գերեզմանի պեղումների ժամանակ Չինաստանի գիտությունների ակադեմիայի հոտազոտողները թեյի հին տերևներ են գտել, որոնք տեղադրված էին մահացածի գերեզմանում, որպեսզի նա հանդերձյալ աշխարհում ևս կարողանա վայելել իր սիրելի ըմպելիքը:

Չորացած տերևների անալիզը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Camellia sinensis տեսակի թեյի ծառին, որն աճում է արևմտյան Տիբեթում: Դրանից ելնելով եզրակացություն կարելի է անել, որ արդեն մ.թ.ա. 2-րդ դարում Չինաստանում տարածված էր թեյի առևտուրը: Ըմպելիքը Տիբեթյան նախալեռներից հասցնում էին մինչև աշխարհի տարբեր կետեր: Հետևաբար վստահորեն կարող ենք ասել, որ մարդիկ թեյ էին օգտագործում 2200 տարի առաջ ևս:

Հնարավոր է, չինական լեգենդներն այնքան էլ չեն սխալվում՝ իրենց երկրում թեյի հետ կապված ավանդույթներին այդքան մեծ տարիք վերապահելով: