Հարցին, թե ընդհանուր քանի՞ ծառ կա Երկրի վրա, կարելի է պատասխանել՝ շատ: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաներնն ու գլոբալիզացիան օգնել են գտնելու անգամ այս հարցի պատասխանը:
Արբանյակային պատկերների հայտնվելուց հետո մասնագետներն առաջին անգամ կարողացել են ուսումնասիրել մոլորակի մակերևույթն անտառների առկայության տեսանկյունից և տվել են մոտավոր գնահատական մեր մոլորակի ծառերի քանակի՝ շուրջ 400 մլրդ: Այս տվյալները ոչ մի հարց չեն առաջացրել, մինչև որ էկոլոգները որոշել են հաշվել նաև ծառերի քանակը Ամազոն գետի ավազանում: Ավելի մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ վայրում ավելի քան 390 մլրդ ծառեր՝ գրեթե նույնքան, որքան ողջ մոլորակի վրա՝ ելնելով արբանյակային հետազոտությունների արդյունքներից:
Այս տվյալների հետ ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել հոլանդացի էկոլոգ Թոմաս Կրաուտերը, ով իր կոլեգաների հետ միասին որոշեց վերջնական պարզ պատասխան տալ հարցին, թե քանի ծառ է աճում Երկրի վրա: Էկոլոգների խումբը եկավ եզրակացության, որ արբանյակային լուսանկարները որոշ շրջաններում խստորեն նվազեցնում են ծառերի քանակը, քանի որ խիտ դասավորված ծառերի արանքում կարող են աճել նաև առավել փոքրիկները:
Ըստ Թոմաս Կրաուտերի՝ միակ ելքը մոլորակի բոլոր անտառային տնտեսությունների վերաբերյալ հարցում անցկացնելն է ծառերի քանակի մասին: Մեր օրերում բոլոր կառավարություններն էլ ունեն իրենց պետության անտառների վերաբերյալ համապատասխան մանրամասն տեղեկություններ: Թոմասն իր գործընկերների հետ միասին տեղեկություններ հավաքեց 400 000 անտառային տնտեսության ղեկավարներից: Տվյալների հավաքագրումը տևեց 2 տարի, և որպես արդյունք պարզ դարձավ, որ Երկրի վրա գոյություն ունի 3,04 տրիլիոն ծառ:
Հետաքրքիր է, որ ըստ ստացված տվյալների՝ ամենաշատ քանակությամբ ծառեր ունեն Ռուսաստանը, Սկանդինավիան և Հյուսիսային Ամերիկան:
Մնում է հասկանալ, թե ի՞նչ նպատակ են հետապնդել էկոլոգներն այս հարցին անդրադառնալիս: Իհարկե՝ բնապահպանությունը: Բանն այն է, որ ամեն տարի իրենց կարիքների համար մարդիկ կտրում են շուրջ 15 մլրդ ծառ: Այժմ իմանալով ծառերի ընդհանուր քանակն ու դրանց կտրման ընդհանուր տեմպը՝ մենք ավելի հեշտորեն կկարողանանք վերահսկել ու հաշվարկել անտառների վերականգման գործընթացները: