Հայտնի և սիրված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը կամ ինչպես շատերին է հայտնի՝ Լուլուն, վերջերս շատ ակտիվ է իր ֆեյսբուքյան գրառումներով, որոնք վերաբերում են ներքաղաքական իրադրություններին, ուստի Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Լուլուի հետ՝ ճշտելու համար արդյոք հաղորդավարուհին չի՞ ուզում զբաղվել քաղաքականությամբ:

-Վերջերս շատ ակտիվ եք քաղաքական բովանդակությամբ գրառումներ կատարելով, սա ինչ-որ բանի հետ կա՞պ ունի:

-Ես կարծում եմ, որ իմ գրառումները քաղաքական չեն, դրանք շատ հեռու են քաղաքականությունից, ավելի շատ հասարակական մեկնաբանություն ունեն, քան թե քաղաքական. քաղաքականությունը մի քիչ ավելի լուրջ է:

Սակայն բովանադակությունը հենց քաղաքականության մասին է:

-Ճիշտ է, քաղաքական բովանդակությամբ գրառումներ են, որոնք անդրադառնում են քաղաքական կյանքին, բայց հասարակական տեսանկյունից. ես ինձ վրա նման մեծ բեռ չէի վերցնի քաղաքական մեկնաբանություններ անել: Իմ գրառումները կարելի է որակել որպես պարզապես ժողովրդի ձայն:

-Ամեն դեպքում քաղաքականություն մտնելու ցանկություն չունե՞ք:

-Բնականաբար ոչ, քանի որ մեկ այլ բան է, երբ դու հասարակական հնչեղություն ունեցող հարցեր ես հնչեցնում, մեկ այլ բան է, երբ դու հանդես ես գալիս որպես քաղաքական գործիչ. դու պետք է հարցին լուծում տաս: Նման սխալ ճանապարհով շատ-շատերը գնացին, երբ նրանք հասարակության անունից էին հանդես գալիս, սակայն այդ ամենը լրիվ ուրիշ մեկնաբանություն ուներ:

-Հավանական չէ՞, որ օրինակի համար ԱԺ վեցերորդ գումարման նստաշրջանում Ձեզ տեսնենք որպես պատգամավոր:

-Իհարկե ոչ, չնայած պատմաբանի կրթություն ունեմ, սակայն կարծում եմ, որ իմ գիտելիքները ինձ թույլ չեն տա զբաղվել քաղաքականությամբ:

-Նմանատիպ գրառում էիք արել, որ իշխանություն-ընդդիմություն պայքարի արդյունքում ժողովուրդն է տուժում:

-Կարծում եմ, որ այս ամենը և ընդհանրապես քաղաքականությունը խաղ է անհատների միջև, որտեղ օգտագործում են ժողովրդին՝ իրենց նպատակների և շահերը առաջ տանելու համար, ու եթե ժողովորդն այնքան հասու լիներ, որ ինտելեկտի և աշխարհընկալման առումով թույլ չտար, որ իրեն օգտագործեին այդ խաղի մեջ, շատ ճիշտ կլիներ, ամեն դեպքում ժողովրդին էլ չի կարելի մեղադրել, որովհետև վիճակն իսկապես անկայուն է, և նրանք պայքարի ճանապարհն են ընտրել:
Սակայն իմ անձնական կարծիքով՝ սա մի քանի հոգու մեջ տարիներ շարունակ ձգվող խաղ է, և նրանք պատրաստ են ժողովրդին ջլատել, հանել իրար դեմ:
Ցավով պետք է նշեմ, որ նրանց դա հաջողվել է.տարիներով ընկերներ լինելով մարդիկ պատրաստ են քաղաքական հայացքների պատճառով իրարից նեղանալ, իրար վիրավորել ամենավերջին խոսքերով, սակայն մարդիկ չեն հասկանում, որ ընդամենը խաղալիք են մի քանիսի ձեռքերում:

-Ձեզ համար ընդունելի՞ է, որ հայտնի մարդիկ՝ երգիչ, դերասան և այլք զբաղվում են քաղաքականությամբ:

-Նույն երգիչը, դերասանը կամ այլ հայտնի մարդ, ինքն առաջին հերթին ՀՀ քաղաքացի է և նա ունի իրավունք մտնելու քաղաքականության մեջ, ի վերջո, եթե չբազվես քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Որպես քաղաքացի՝ դա ընդունելի է, սակայն ընդունելի է, եթե նրանք ուղնուծուծով այդ կուսակցության գաղափարակիցը չեն դառնում: Այստեղ իշխանամետ մոտեցումն է, երբ մյուս կուսակցությունը դառնա իշխանության գլուխ, չի բացառվում նրանց անցումը դեպի այլ՝ իշխող կուսակցություն: Դա ինձ համար անընդունելի է:

-Վերջերս Շուշան Պետրոսյանի հետ կապված տհաճ իրավիճակ գրանցվեց ԱԺ-ում, երբ նա «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին գիժ էր անվանել, ավելի ճիշտ ձեռով նման նշան էր ցույց տվել:

-Կարծում եմ՝ այդ փոքրիկ միջադեպը ավելի մեծ հնչեղություն ստացավ, քան իրականում կար, չեմ կարծում, որ իրավիճակն այնպես է եղել, ինչպես լրատվամիջողներն են այդպես ներկայացնում:

Իբրև ԱԺ նիստը լուսաբանող և այդ պահին այնտեղ գտնվող լրագրող հավատացնում եմ, որ դեպքը չի ուռճացվել:

-Հաշվի առնելով սոլիդարությունը՝ կփորձեի զերծ մնալ մեկնաբանություններից. պարզապես կցանկանայի, որ վիրավորանքներից գոնե խուսափեին. դա իր ընտրած ճանապարհն է, ավելի ճիշտ կլինի, որ ինքը մեկնաբանի:

Զրուցեց Սեդա Ղուկասյանը