Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվող «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2018» մրցանակաբաշխության կազմակերպիչները Կորպորատիվ կատեգորիաների հանձնաժողովի կազմ են հրավիրել նաեւ Հայաստանի հաղորդակցությունների ոլորտից՝ «SPRING PR» ընկերության համահիմնադիր, հաղորդակցությունների եւ արտաքին կապերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանին: Մրցանակաբաշխությանը ներկայացված նախագծերին իրենց գնահատականը տալու հնարավորություն կունենան պրոֆեսիոնալներ Հայաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Հարավային Աֆրիկայից, Բուդապեշտից:
«Աշխարհի տարբեր երկրներից հաղորդակցությունների ոլորտը ներկայացնող առաջատար փորձագետներն արդեն հաստատել են Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2018 հաղորդակցությունների ոլորտի ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության C4F Davos Awards հանձնաժողովի կազմում աշխատելու կազմակերպիչների հրավերը: C4F-ն առանձնահատուկ մրցանակաբաշխություն է, քանի որ ըստ արժանվույն գնահատում է հաղորդակցման ոլորտի ակնառու պրոֆեսիոնալներին եւ հաղորդակցության ոլորտի ապագան կերտող ստրատեգներին: Մենք հավատում ենք, որ հաղորդակցությունն այսօր ավելի քան երբեւէ, աշխարհի բարգավաճ ապագան կառուցող հիմնական շարժիչն է: Մեր թիմը վստահ է, որ Դավոս C4F 2018 մրցանակաբաշխությունը ավելի մեծամասշտաբ է լինելու եւ շարունակելու է ոգեւորել աշխարհի տարբեր ծայրերից հաղորդակցությունների ոլորտի պրոֆեսիոնալներին»,- նշել է C4F մրցանակաբաշխության հիմնադիր-տնօրեն Յանինա Դուբեյկովսկայան:
«Ապագայի հաղորդակցություններ Դավոս» միջազգային մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2010թ.: Մրցանակաբաշխությունն ունի երեք բաժին՝ Անհատական, Կորպորատիվ եւ Ստարտափ, 23 կատեգորիա:
2017 թվականի Մարտի 14-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017 մրցանակաբաշխության ժամանակ SPRING PR-ընկերությունը իր՝ «Լինե'նք հոգատար Հայաստան» նախագծով արժանացել է «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին, որը շնորհվում է ոչ կոմերցիոն հաղորդակցությունների և բարեգործական նախագծերի իրականացման ոլորտում բացառիկ արդյունքներ գրանցած կազմակերպությանը:
2017 թվականին կազմակերպիչները բոլոր 23 կատեգորիաներում ստացել էին 86 դիմում-հայտ 5 մայրցամաքների 30 երկրներից: