Սթենֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ պարզելու, թե աշխարհի որ երկրների բնակիչներն են ամենածույլերն ու ֆիզիկապես ամենաակտիվները։
Աշխարհի 111 երկրների, ընդհանուր առմամբ, 717,527 մարդկանց սմարթֆոնների տվյալներն օգտագործելով՝ որոշվել է մարդու քայլերի օրական միջին քանակը, այն է՝ 4,961 քայլ։
Օրինակ՝ ամերիկացիների մեծ մասը օրական 4,774 քայլ է անում, մինչդեռ Հոնկոնգի բնակիչները՝ 6,880 քայլ, ինչը ողջ աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է։ Նվազագույն ցուցանիշը Ինդոնեզիայում է՝ օրական 3,513 քայլ։
Հարկ է նշել, որ ոչ մի երկրում միջին տվյալները չեն հասնում անգամ 10,000-ի։
Այնուամենայնիվ, քայլերի քանակը ոչ մի կապ չունի տվյալ երկրում գեր մարդկանց քանակի հետ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում և Մեքսիկայում օրական քայլերի միջին քանակը նույնն է, սակայն ԱՄՆ-ում ավելի շատ գեր մարդիկ կան, քան Մեքսիկայում։
Փոխարենը, գիտնականները մեկ այլ գործոն են նշում, ինչն անմիջական կապ ունի գերերի քանակի հետ։ Այն է՝ ակտիվության անհավասարությունը։ Դա ասելով՝ գիտնականները նկատի ունեն տվյալ երկրում ամենաքիչ և ամենաշատ քայլող մարդկանց միջև տարբերությունը։ Որքան մեծ է տարբերությունը, այնքան շատ են գեր մարդիկ, և ճիշտ հակառակը՝ որքան փոքր է տարբերությունը, այնքան քիչ են գեր մարդիկ տվյալ երկրում։
«Օրինակ՝ Շվեդիայում ֆիզիկապես առավել ակտիվ և առավել պասիվ մարդկանց քանակի մեջ տաբերությունը շատ փոքր է։ Նաև գեր մարդկանց քանակն է շատ քիչ Շվեդիայում»,- նշել է հետազոտող Թիմ Օլդոֆը։
Կազմված քարտեզին նայելով՝ պարզ է դառնում, որ Հայաստանի բնակիչները համեմատաբար ավելի ակտիվ են, քան շատ այլ երկրների բնակիչները։ Մասնավորապես՝ Հայաստանում ապրող մարդիկ օրական միջինը առնվազն 5500 քայլ են անում։