Կաղամբի օգտակար հատկությունները բազում են. այն կիրառվում է թե՛ բուժական նպատակով, թե՛ դիմահարդարման մեջ: Այս մասին գրում է mednews.am-ը:
Բուժական նպատակներով օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած կաղամբ։ Նրանց, ովքեր ավել քաշի խնդիր ունեն, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ կամ թթու կաղամբի հյութ։ Կաղամբահյութի թրջոցները կարող են օգնել հոդային հիվանդությունների բուժման ժամանակ։ Հարկավոր է վերցնել բրդյա կտոր, թրջել կաղամբահյութի մեջ և դնել հիվանդ հոդին։ Քիչ ժամանակ անց հիվանդը կնկատի, թե ինչպես են ցավերը մեղմանում։ Որքինի ժամանակ կաղամբի տերևները եփում են կաթի մեջ, այնուհետև ավելացնում ցորենի թեփուկներ և ստացված զանգվածը թրջոցների տեսքով դնում մաշկի ախտահարված հատվածներին։ Թարմ կաղամբի տերևներից պատրաստված խյուսը արագորեն օգնում է թարախային վերքերի ապաքինման ժամանակ։
Կաղամբի հյութը բուժական ազդեցություն ունի ճարպակալման, աղիների պնդության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, հեպատիտի, լեղաքարային հիվանդության, սակավարյունության, երիկամների քարերի, բրոնխիալ ասթմայի, թոքերի տուբերկուլյոզի, սրտի ռիթմի խանգարումների, սնկերով թունավորումների, աթերոսկլերոզի դեպքում:
Չնայած կաղամբի օգտակար հատկություններին` այնուամենայնիվ այն նաև հակացուցումներ ունի. խոցային հիվանդությունների սրացումների, տասներկումատնյա աղիքի ու ստամոքսի հիվանդությունների, աղիքներում ու լեղապարկի կծկումների դեպքում: Այն պարզապես կարող է սրել այդ երևույթներն ու ցավի զգացում պատճառել, քանի որ գրգռում է ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը: Իսկ թթու կաղամբը օրգանական թթուների պարունակության պատճառով կտրականապես արգելվում է բարձր թթվայնություն, ստամոքսի ու աղիքների խոցային, ենթաստամոքսային գեղձի ու լյարդի հիվանդություններ ունեցողներին: