Ըստ ABC News-ի՝ այսօր 52 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը:

 

Associated Press-ին Քորնելի ներկայացուցիչ Բրայան Բամբերին հայտնել է, որ երաժիշտը մահացել է Դեթրոյտում մայիսի 17-ի գիշերը:

 

Բամբերին մահն անվանել է «հանկարծակի և չսպասված»՝ նշելով, որ Քորնելի կինն ու ընտանիքը ցնցված են այդ փաստով: Ընտանիքի անդամները աշխատելու են դատաբժշկական փորձաքննող խմբի հետ՝ հասկանալու, թե ինչն է հանգեցրել երաժշտի մահվան:

 

Քրիս Քորնելը հայտնի է որպես Soundgarden ռոք խմբի գիտարիստ ու երգահան:

 

Նա հեղինակել էր «Խոստումը» երգը Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան համանուն ֆիլմի համար: Խոսելով ֆիլմի մասին՝ երգիչն ասել էր.

 

«Մենք պետք է տեղյակ լինենք անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ մենք չենք պատմում պարզապես մեկ դարյա հնության պատմություն, մենք խոսում ենք այն պատմության մասին, որը տեղի է ունենում այսօր»: