Life.panorama.am-ը ընտանիքի եւ ապագա փոքրիկի մասին զրուցել է Արամեի կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի հետ:
«Ընտանիքի հիմքը սերն ու հարգանքն է: Հենց այս երկու՝ շատ կարեւոր հանգամանքների առկայության դեպքում ամեն ինչ հարթելի է: Սիրո ու հարգանքի վրա կառուցված ընտանիքում զույգերը յուրաքանչյուր պարագայում անպայման կփորձեն միմյանց հասկանալ: Ասածս գուցե շատ հասարակ ու պրիմիտիվ թվա, որի մասին բոլորը գիտեն, բայց հաստատ ոչ բոլորն են փորձում այդ պրիմիտիվ, բայց ամենակարեւոր հատկանիշները պահպանել»,- նշեց Աննան: Երգչուհին վստահեցնում է՝ ընտանիքում կնոջ դերը շատ մեծ է.
«Կինը պետք է իմաստուն լինի, կարողանա զիջել, ճիշտ պահին լռել: Հանդուրժող կինը միշտ կգնահատվի իսկական տղամարդու կողմից: Իհարկե, չի կարող միշտ քո ցանկությունների նման կյանքդ ընթանա, իդեալական ոչինչ չկա, դրա համար պետք է զույգերը հաշվի նստեն իրար հետ, բոլոր հարցերը համաձայնեցնեն միմյանց, որպեսզի երկուսի համար էլ լավ լինի: Եւ, ամենակարեւորը, խոսեն այն ամենի մասին, ինչն անհանգստացնում է, այլ ոչ թե կուտակեն ներսում ու մի օր պոռթկան՝ դարձնելով մեծ վեճ: Հարաբերություններում միշտ պետք է երկուսն էլ, այպես ասած, դողան, որ հանկարծ չկորցնեն իրար: Հարաբերությունների եւ միմյանց համար դողալով՝ կարելի է ինչ-որ տեղ լռել, զիջել, միայն թե միասին լինել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Խոսելով Արամեի մասին, Աննան շեշտեց՝ նա իդեալական է. «Արամեն իսկապես օրինակելի ամուսին է, մեր շրջապատում շատերն են նրան մատնացույց անում՝ որպես գնահատող ու նվիրված տղամարդու: Ես իսկապես երջանիկ եմ, որ իմ կողքին ունեմ նրան: Ես չեմ վախենա այս խոսքից՝ նա իսկապես իդեալական ամուսին է, նա անչափ հավատարիմ ու պարկեշտ մարդ է, ում համար ընտանիքն ամենաառաջինն է: Մեր ընտանիքի կառուցման հարցում Արամեից շատ բան է եկել, եթե նա չունենար այս հատկանիշները, ապա ես հաստատ միայնակ չէի կարողանա ստեղծել ու պահպանել մեր գեղեցիկ ընտանիքը»:
«Ընտանիքը լիարժեք է դառնում երեխաներով»՝ սա հայտնի ասույթ է: Արամեի եւ Աննայի ընտանիքում ընդամենը մեկ ամսից ամեն ինչ կփոխվի՝ ավելի գեղեցիկ ու լիարժեք կդառնա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։